Կայացավ Արցախի թեմի թեմական խորհրդի առաջին ժողովը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծվեց Արցախի թեմի թեմական խորհուրդ` թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ: Վրթանես Սրբազանի առաջարկով և Վեհափառ Հայրապետի համաձայնությամբ հաստատվեց խորհրդի անդամների կազմը.
- Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան — Արցախի թեմի առաջնորդ
- Տիար Լեռնիկ Հովհաննիսյան — խորհրդի ատենապետ
- Տիար Սերգեյ Սաֆարյան — խորհրդի ատենադպիր
- Տիար Հովիկ Ալուխանյան
- Տիկին Մելանյա Բալայան
- Տիկին Արմինե Ալեքսանյան
- Տիար Ռոբերտ Ավետիսյան
- Տիար Ալբերտ Անդրյան
- Տիար Ալեքսան Հակոբյան:
Ապրիլի 4-ին կայացավ թեմական խորհրդի առաջին հանդիպումը: Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդի անդամները գտնվում են աշխարհի տարբեր երկրներում, հանդիպումը կայացավ առցանց տարբերակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի առաջնային հարցեր, ինչպիսիք են Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ու հայկական գերեզմանների պահպանման խնդիրը, Արցախի ինքնության պահպանմանն ուղղված աշխատանքները, արցախահայության առջև ծառացած մարտահրավերները, նրանց հոգևոր կյանքի ակտիվացմանն ուղղված քայլերն ու այլ հարցեր:
Ապրիլի 5-ին Հայաստանում բնակվող թեմական խորհրդի անդամները հանդիպեցին Վեհափառ Հայրապետի հետ, ով իր օրհնությունը տվեց խորհրդի գործունեությունը մեկնարկելու համար: Վեհափառ Հայրապետը համապատասխան կարգադրություններ կատարեց` ուղղված Արցախի թեմի պահպանմանն ու շարունակական գործունեությանը: