Կարմիր Կիրակին Արցախի թեմում
Եկեղեցական արարողակարգի համաձայն այս կիրակի նույնպես Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ այս անգամ կրելով Կարմիր Կիրակիի խորհուրդը։
Կարմիր Կիրակին խորհրդանշում է Քրիստոսի ու եկեղեցու և հավատքի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյունը։ Հետաքրքիր պատահականությամբ այս տարի Կարմիր կիրակին նշվում է մայիսի 8-ին՝ համայն հայության համար հաղթական խորհուրդ ունեցող օրը, ինչը կերտվեց հայրենիքի ու հավատքի համար մարտիրոսացած մեր նահատակների արյամբ։
Կարմիր կիրակիի օրը Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Պատարագի սուրբ արարողությունը կատարվեց ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Պատարագին մասնակից էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք և բարձրաստիճան զինվորականներ՝ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև բազում հավատացյալ մեր քույրերն ու եղբայրները։ Միասնաբար աղոթք բարձրացվեց առ Աստված՝ հայրենիքի անսասանության համար, այն համոզմունքով որ Աստված միշտ լսում է մեր աղոթքները։
Հավարտ պատարագի Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք։