Քահանայական նվիրյալ ծառայության 30 տարիներ

Այս տարի փետրվարի 23-ին լրանում է Արցախի թեմի Մարտակերտի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռնադրության 30 տարին։

Տեր Հովհաննեսը քահանայության բարձր կոչումը ստանձնեց Արցախյան գոյապայքարի ամենածանր ժամանակահատվածում եւ ամբողջանվեր կերպով մասնակցեց Արցախյան գոյապայքարին: Մեծ է նրա ներդրումը հատկապես Գանձասարի վանքի պաշտպանության գործում: Պատերազմից հետո երկար տարիներ ծառայության է կոչվել որպես Գանձասարի վանահայր եւ ջանադրաբար աշխատել վանքի վերականգնման եւ պայծառության համար: Այնուհետեւ ծառայության է նշանակվել Դադիվանքի վանական համալիրում եւ նույն եռանդով շարունակել աշխատել վանքի վերանորոգման ու զարթոնքի ուղղությամբ:

Մեծ էր նաեւ Տեր Հոր ներդրումը 44-օրյա պատերազմի ընթացքում: 2020թ. պատերազմից հետո Տեր Հայրը ծառայության է կոչվել Մարտակերտի շրջանի հոգեւոր հովվի պաշտոնում եւ առ այսօր շարունակում է իր նվիրյալ եւ եկեղեցաշեն ծառայությունը: Արցախի թեմի ողջ հոգեւոր դասը շնորհավորում է սիրելի Տեր Հորը եւ աղոթում, որ Աստված ուժ եւ կարողություն տա նրան՝ շարունակելու կրել Քրիստոսի ծանր, բայց քաղցր լուծը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE