Քահանայական ձեռնադրություն Արցախի թեմում
Այսօր նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն:
Հընթացս պատարագի Վրթանես Սրբազանը քահանայության է կոչել ընծայեալին Սրբալույս Մյուռոնով օծելով նրա ճակատն ու ձեռքերը՝ շնորհելով հոգևոր նոր անուն: Բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանն այլևս իր սուրբ առաքելությունը կշարունակի Տեր Վաչագան քահանա Գյուրջյան անվամբ ի պատիվ Արցախի եկեղեցանվեր և ազգանվեր արքա Վաչագան Բարեպաշտի:
Իր խոսքում թեմակալ առաջնորդը շնորհավորեց և իր երախտիքը հայտնեց Հայոց Հայրապետին, ապա շնորհավորելով նորաօծ Տեր Հորը և ողջ հավատավոր ժողովրդին, իր քարոզում մասնավորապես նշեց.
«Այսօր Աստծո աներևույթ ներկայությամբ, ձեր վկայությամբ և մեր միջնորդությամբ ահա այս աստիճաններով հին մարդը բարձրացավ և այստեղ՝ հայրերի սրբազան կանոնների, աղոթքների և շարականների ներքո Սուրբ Հոգու շնորհներն իջան նվիրյալի ամբողջ էության վրա, և փոխվեց մարդու ինքնությունը, փոխվեց մարդ արարածը, նախկին բարեշնորհ Գոռ սարակավագ Գյուրջյանն այլևս նոր մարդ է՝ արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան»:
Նորաօծ Տեր Հայրը, կիսվելով իր տպավորություններով, ասաց. «Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու Քրիստոսի լուծը և դառնալու Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ: Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին, պատարագելու նրա Մարմինը և Արյունը: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի: Ձեռնադրության ժամանակ այսօր ինձ տրվեց Վաչագան անունը հայտնի Վաչագան Բարեպաշտի անունով, ով եղել է Արցախի թագավորը, և որի օրոք Արցախը իր հզորության գագաթնակետին է հասել։ Այդ կերպարը այսուհետ ինձ էլ է ուղեկցելու ամբողջ կյանքում, զինվորներին էլ կպատգամեմ, որ ապրեն Վաչագան բարեպաշտի կյանքի ուղով»: