Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը
Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Սբ. Հովհաննես Մկրտիչը համարվում է Հայոց Եկեղեցու մեծագույն Սուրբը՝ Սբ. Աստվածածնից հետո։
Ըստ սովորույթի այս տարի էլ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը հիշատակվեց Արցախի թեմի Սուրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում։
Նոր Շեն գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ գյուղի հոգևոր հովիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը մատուցեց Սուրբ և Անմահ պատարագ։ Հավարտ պատարագի մի շարք բարերարների օժանդակությամբ մատաղ մատուցվեց և բաժանվեց զինվորներին ու տեղի բնակիչներին։ Տեղի ունեցավ նաև մշակութային միջոցառում գյուղի երեխաների մասնակցությամբ։