Հոգևոր-մշակութային հաղթանակ. Սուրբ Հակոբավանքի վերածնունդը
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի դահլիճում սեպտեմբերի 26-ին կայացավ «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով։
Համաժողովի աստվածահաճո գաղափարի հիմքում ընկած էր վանքի համալիր վերականգնումը և հանրահռչակումը: Այս գաղափարի շուրջ են հավաքվել մի շարք կազմակերպություններ, գիտնականներ, մտավորականներ և, առհասարակ, շահագրգռված անձինք, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման սրբազան գործում:
Համաժողովի սկիզբն ազդարարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի ընթերցմամբ, որով Հայոց Հայրապետը իր օրհնությունը բերեց համաժողովի մասնակիցներին՝ հայտնելով իր գոհունակությունը ծրագին:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ում օրհնությամբ և հայրական սատարությամբ մեկնարկեց ծրագիրը, իր խոսքը հնչեցրեց ի ոգեշնչում համաժողովի մասնակիցների: Սրբազան Հայրը նշեց թե ինչպիսի կարևորություն ունի Ս. Հակոբավանքի վերականգնումն ու պահպանումը երկրի հոգևոր-մշակութային զարգացման համար՝ հնագույն սրբավայրը որակելով որպես արցախահայության հարատևման խորհրդանիշ:
«Հակոբավանքի վերածնունդը պետք է դառնա ոչ միայն տվյալ վանքի և տարածաշրջանի հոգևոր վերազարթոնքի առիթ, այլև մեր դարավոր մշակույթի դեմ սկսված ոչնչացման կամ կեղծ աղվանականացման արշավի հակընդեմ պայքարի խորհրդանիշ»,-իր ելույթում նշեց Սրբազան Հայրը:
Համաժողովի ընթացքում կայացավ նաև պ.գ.թ., ազգագրագետ, հոգեբան, կոմպոզիտոր Լիլիթ Սիմոնյանի «Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գրքի շնորհանդեսը։
Հարկ է հիշատակել, որ Արցախի թեմը 2022 թվականը հայտարարել էր որպես Ս. Հակոբավանքի վերածննդի տարի: