Հայոց Եկեղեցին շարունակում է տոնել Սուրբ Ծնունդը
Այսօր` հունվարի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեռ շարունակում է տոնել Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։
Տոնի առթիվ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։
Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն են բերել Արցախի թեմից արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, բարեշնորհ և բարեկրոն մեր հոգևոր եղբայրները։
Արարողությանը ներկա էին համայնքի հավատավոր զավակները, տեղի դպրոցի տնօրենությունը իր ուսուցչական անձնակազմով, Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, տիկնանց և երիտասարդաց միության անդամները։
Պատարագիչ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը իր քարոզի սկզբում շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը իր ներկայությամբ պատվելու և ուրախություն պարգևելու իրեն և իր հավատավոր հոտին, այս գեղեցիկ և կարևոր օրը իր համայնքում անցկացնելու համար։ Տեր Բենիամինը իր քարոզում ներկայացրեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտության տոնի կարևորությունը, այդ տոնով միավորվելու, հոգով խաղաղություն գտնելու և այդ միասնությամբ ու խաղաղությամբ պայքարելու այս դժվարին օրերին։
Հավարտ Պատարագի իր օրհնության, շնորհավորական և շնորհակալական խոսքը ասեց նաև Սրբազան Հայրը` հորդորելով մտքով, մարմնով և հոգով միավորված առաջ ընթանալու դեպի գեղեցիկը և Աստվածահաճոն, որն է փրկության ճանապարհը։