Հայորդյաց տան հիմնարկեք Մարտակերտում
Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մարտակերտում արժևորվեց մի շատ կարևոր ձեռնարկով։ Արցախի թեմի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի «Սոս Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սկիզբ դրվեց Մարտակերտի Հայորդյաց տան հիմնանորոգման ծրագրին։
Այս կապակցությամբ Մարտակերտ էին ժամանել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «Սոս Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպության ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Բենջամին Բլանջարդի, ԱՀ նախագահի խորհրդական տիկին Լուսինե Ղարախանյանը և այլ հյուրեր։ Թեմակալ առաջնորդը և հիշյալ կազմակերպության նախագահը ստորագրեցին օրհնության հուշագիր և տեղադրեցին շենքի հիմքում։
Հայորդյաց տան գործունեության շրջանակներում նախատեսվում է մշակութային կրթության միջոցով երեխաների մոտ քրիստոնեական արժեքների սերմանում և այդ նպատակով նկարչության, պարի, երգի, կավագործության, գորգագործության խմբակների ստեղծում, ինչպես նաև ամառային ճամբարների կազմակերպում և այլ տարբեր ուսուցողական ծրագրերի իրագործում։