ՀԱԵ-ն նշում է Ամենայն Հայոց Հայրապետի օծման 22-րդ տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Սրբազնագույն Կաթողիկոսի օծման 22-րդ տարեդարձի տոնը։  Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվել է տոնական, սուրբ և անմահ պատարագ, իսկ հավարտ պատարագի բոլոր եկեղեցիներում հնչեցվել է Հայրապետական մաղթանք։

Արցախի թեմի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայրապետական մաղթանք է հնչեցրել Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ Իր խոսքի մեջ նա մասնավորապես ասել է․

«Այսօր տոնական օր է մեր եկեղեցում, որովհետև լրացել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության և օծման 22-րդ տարեդարձը։ Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին աղոթում է Հայրապետի համար։ Աղոթում է ոչ միայն անձի, այլ հայրապետության համար, որը պահվում, պահպանվում է արդեն 1700 և ավելի տարիներ։ Գրիգոր Լուսավորչից սկսած մեր հայրապետները բազմում են այդ գահին՝ կազմելով մի մեծ շղթա։ Այսօր այդ շղթայի մեկ օղակն իր գահակալության 22-րդ տարեդարձն է տոնում։ Եվ մենք, որպես այդ եկեղեցու զավակներ, պարտավորություն ունենք աղոթել մեր Հայրապետի ու հայրապետության համար։ Այդ Աթոռն անձի Աթոռ չէ, այդ Աթոռը հաստատության Աթոռ է, և այդ հաստատությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, և նրա հովվապետը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն է։

Մեր եկեղեցին Գրիգոր Լուսավորչից սկսած մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքի մեջ, մեծ դեր է ունեցել հայապահպանության գործում և Քրիստոսի լույսը դարեր ի վեր պահել, պահպանել ու հասցրել է մեզ։

Այդ Աթոռը մեզ բերել է մեծ օրհնություն, գիր ու գրականություն, հավատարմություն, սեր։ Մենք պարտավոր ենք ապրել ու աղոթել այդ սիրով՝ Քրիստոսի մեծ սիրով»։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE