Տ. Վաչագան քհն. Գյուրջյանի հարցազրույցը «Արցախպրես»-ին
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է հրաժարվենք երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից:
Արցախի թեմի գործունեության գլխավոր նպատակներից է եկեղեցու հովանու ներքո արցախահայությանը համախմբելը՝ և խաղաղ պայմաններում, և փորձությունների պահերին:
Ներկայիս իրավիճակի մասին Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հարցազրույցը «Արցախպրես»-ի թղթակցի հետ:
«Արցախյան գոյապայքարի ամբողջ ընթացքում Եկեղեցին եղել է այդ պայքարի առաջամարտիկը, ոգի և օրհնություն տվողը: Բնականաբար այսօր էլ, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ և կրում է բազում զրկանքներ, Արցախի թեմը ուղղակի չի կարող անմասն մնալ իր զավակների նեղություններից: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝ ժողովրդի հոգևոր-հոգեբանական կայունությունը պահպանելու ուղղությամբ:
Ի ուրախություն մեզ, կարող ենք վկայել, որ անհամեմատ մեծացել է եկեղեցի հաճախողների ու պատարագներին մասնակցողների թիվը: Դժվարություններն ու նեղությունները ստիպում են մարդուն նայել իր ներսը, վերև նայել, փնտրել Աստծուն, և այդ փնտրտուքի ճանապարհը նրան բերում է դեպի Եկեղեցի:
Աղանդավորները փորձում են համոզել, որ իբր փրկությունը միայն իրենց այս կամ այն խմբակին անդամակցելն է: Սրանք լուրջ վտանգ են ներկայացնում մեր վիրավոր երկրի համար՝ թե՛ ազգային անվտանգության առումով և թե՛ ժողովրդի հոգևոր միասնության: Եկեղեցին փորձում է հաղթահարել նաև այս պառակտիչ մարտահրավերները:
Երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար մենք պետք է հրաժարվենք այն բոլոր խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ՝ եսասիրություն, փառամոլություն, փողասիրություն և այսպես շարունակ: Երբ Արցախում և Մայր Հայրենիքում սիրո իշխանությունը կհաղթի իշխանության հանդեպ սիրուն, այն ժամանակ խաղաղությունը կգա և կբնակվի մեզ մոտ:
Այսօր քրիստոնեական բոլոր եկեղեցիներին իրենց հայացքն ուղղեն քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկանան, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև իրենց եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանք այցի չեկան(Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։