Հանդիպում Վալերի Բուայեի հետ Ֆրանսիայի Սենատում
Ֆրանսիայի քաղաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի նախկին վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին։
«Արցախում բախվելով Ադրբեջանի սպառնալիքին՝ մի քանի ամիս առաջ Դադիվանքում ինձ ընդունեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Ես ուզում էի կրկին հանդիպել նրան Սենատում:
Մինչ միջազգային հանրությունը լիովին ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ, ես ևս մեկ անգամ խնդրում եմ կառավարությանը, Եվրոպական միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջամտել և պաշտպանել հայ բնակչությանը և մշակութային ժառանգությունը»,- իր էջում գրել է Վալերի Բուայեն:
Ավելի ուշ Վալերի Բուայեն խոսել է նաև վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին, նշելով.
«Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տնից հեռու են ապրում: Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը»:
Իր գրառման մեջ խոսելով 2020 թվականի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին, նա նշել է.
«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին: Իսկ աշխարհը լուռ հետևում է առանց որևէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում»: