Հանդիպում Ստեփանակերտի ս. Հակոբ եկեղեցու խորհրդի անդամների հետ


2021թ. օգոստոսի 3-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի նստավայրում տեղի է ունեցել թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպումը Ստեփանակերտի ս. Հակոբ եկեղեցու Ծխական խորհրդի անդամների հետ՝ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ:

Հանդիպումը Տերունական աղոթքով բացեց Վրթանես սրբազան Աբրահամյանը, այնուհետև տեր Մինաս քահանա Մովսիսյանը ծանոթացրեց թեմակալ առաջնորդին պատերազմից հետո ընտրված Ծխական խորհրդի անդամների հետ:

Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց իր տեսլականը պատերազմի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում թեմի առաջնահերթ խնդիրների և Ծխական խորհրդի անելիքների վերաբերյալ:

Որպես եկեղեցու գլխավոր նպատակ Վրթանես սրբազան Աբրահամյանը նշեց եկեղեցու և հավատի էության քարոզումը ժողովրդին: Նա կարևորեց նաև Արցախի հանրապետության հսկողության տակ գտնվող եկեղեցիների չափագրումը և թշնամու հսկողության տակ անցածների  վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու համապատասխան միջազգային կառույցներին ներկայացումը, եկեղեցու սպասավորների և կից կառույցների հավատավոր ժողովրդի հետ հանդիպումները, համայնքների եկեղեցական կյանքի զարթոնքի աջակցությունը, հոգևոր զրույցների և ուխտագնացությունների մասնակցությունը:

Ծխական խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու մտահոգությունները Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ, քննարկվեցին հոգևոր-եկեղեցական ոլորտում առկա խնդիրները` մասնավորապես սպասավորների համալրման, եկեղեցիների բարեկարգման, եկեղեցուն կից գործող կառույցների` Ծխական խորհուրդների, Տիկնաց և Երիդասարդաց միությունների գործունեության և բարեգործական միջոցառումների կազմակերպման աջակցության հարցերը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE