Հանդիպում ՇՏՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ
Հունիսի 3-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ հանդիպում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի (ՇՏՀ) պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ՝ ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Սրբազան Հայրը իր խոսքը սկսեց Տերունական աղոթքով՝ ընդգծելով, որ եկեղեցին մշտապես եղել է պետականության կողքին և այսօր էլ իր առաքելությունն է համարում հայրենակիցներին համախմբելը՝ Արցախ վերադառնալու հեռանկարում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնագաղթից հետո Շուշիի տեխնոլոգիական և, առհասարակ, Արցախում գործած համալսարանների առկա իրավիճակի հետ կապված հիմնախնդիրները, առաջիկայում տարբեր ծրագրերի շուրջ հնարավոր համագործակցության, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ուղությամբ՝ ինչպես իրականացվող աշխատանքները, այնպես և նախատեսվող ծրագրերն ու մի շարք այլ հարցեր։ Երկուստեք կարևորվեցին առաջիկայում ևս նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ արեց շարունակել ջանքերը՝ հանուն տունդարձի ու հայրենիքի պահպանման։ Հանդիպումն ամփոփվեց Տերունական աղոթքով և օրհնանքի խոսքով։