Թեմակալ առաջնորդը հյուրընկալել է ԿԳՄՍ նախարարին

Սույն թվականի մարտի 3-ին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի թեմի առաջնորդարանում ընդունեց ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանին։ Թեմակալ առաջնորդը շնորհավորեց նախարարին նոր պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով ուժ ու կարողություն այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար։

Նախանշվեցին համագործակցության ուղիները, ապագա անելիքներն ու ծրագրերը՝ հանուն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և հոգևոր անվտանգության ապահովման:

Թեմակալ առաջնորդը նշեց, որ երկրի անվտանգության ապահովման գործում առանցքային դեր ունի հոգևոր անվտանգության պահպանումը, որի իրականացման ուղղությամբ արդեն իսկ Արցախի թեմը հանձն է առել ևս մեկ գործնական քայլ՝ վերաբացելով Արցախի թեմի ՔԴՔԿ գրասենյակը:

Նշվեց նաև, որ վերջինս մշտական կապի մեջ կլինի թե՛ ԿԳՄՍ նախարարության և թե՛ ԱՀ բոլոր կրթական հաստատությունների հետ՝ փորձելով վերոնշյալ համակարգում ընդգրված անձանց ուղղորդելու դեպի Աստծո լուսավոր ուղին։ Եվ հենց այդ սուրբ առաքելության մեջ ենք տեսնում նաև Արցախի փրկության ճանապարհը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE