Համբարձման տոնը Բերձորի Ս. Համբարձման եկեղեցում

«Համբարձվեց Աստված օրհնությամբ, եւ մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6)

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:

Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության: Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես նրանց հետ է Սուրբ Հոգու միջոցով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը 1441 թվականին Կիլիկիայի Սիս քաղաքից Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Սուրբ Համբարձման անունը կրող Արցախի թեմի միակ եկեղեցին այսօր տոնախմբում էր Սուրբ Համբարձման տոնը։ Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և տնօրինությամբ, Ասկերանի շրջանի Պատարայից Խաչեն ընկած ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց, որին մեծ ոգևորությամբ ու կարոտով սպասում էին տեղի բնակիչները, որովհետև անձամբ էին ճանաչում Տեր Հորը ու մինչ պատերազմը ամեն կիրակի էին կարողանում հաղորդվել Աստծուն և նրա սպասավորին, քանզի Տեր հայրը Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվն էր պատերազմից առաջ։ Բերձոր քաղաքը և Աղավնո համայնքը առանձնակի նշանակությամբ միշտ գտնվում է Արցախի թեմի առաջնորդի ուշադրության կենտրոնում, ում օրհնությամբ և տնօրինությամբ ամիսը մեկ անգամ թեմի հոգևորականները Սուրբ և Անմահ Պատարագ են մատուցում Ս. Համբարձման եկեղեցում՝ մշտապես հոգևոր խնամքի  և ուշադրության տակ պահելով տեղի ժողովրդին։

Պատարագի ավարտին տեղի երիտասարդների ու երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև գեղեցիկ միջոցառում՝ համեմված ազգային երգ ու պարով, որը կազմակերպվել էր Աղավնո համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների և «Մշակույթամետ»-ի համատեղ ջանքերով։

Նաև համայնքի 16 ընտանիքներին տրամադրվեց մատաղի տեսքով օգնություն, որի համար շնորհակալություն ենք հայտնում «Բեկոն Պրոդուկտ» գործարանի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանին։

Աստծո օրհնությունները թող միշտ լինեն բոլորիս հետ։ Ամեն։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE