Համահայկական երիտասարդական ուխտագնացություն. ՀԵՀԵՄ_2022

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը հուլիսի 6-10-ը կազմակերպել էր համահայկական ուխտագնացություն՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ: «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ». այսպիսի խորագիր էր կրում համահայկական ուխտագնացությունը, որը համախմբեց Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ժամանած շուրջ երկու հարյուր երիտասարդ ուխտավորների:

Ուխտագնացության օրակարգի շրջանակներում անց են կացվել երկօրյա դասընթացներ, որոնք վարում էին ոլորտի մասնագետները: Դասընթացների սկիզբը դրվեց ակնկալիքների ծառի կառուցումով, որը ծրագրի ավարտին քննարկվեց՝ երիտասարդների սպասումներն ու իրագործվածը համեմատելու և վերուծելու համար: Դասընթացների ավարտին՝ իրենց ակտիվ մասնակցությունը բերելու համար, երիտասարդներին հանձնվեցին վկայականներ, իսկ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդին, մյուս թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդ ուխտավորների հետ աշխատանքներ տարած բոլոր դասընթացավարներին տրվեցին շնորհակալագրեր:

Երկօրյա բովանդակալից ու հետաքրքիր դասընթացներից հետո կազմակերպվել էր ուխտագնացություն դեպի Հայաստանի պատմական սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները տարբեր երկրներից ժամանած հոգևորականների առաջնորդությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցեց երիտասարդներին, որից հետո վերջիններիս հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերը բարձրաձայնել և ստանալ սպառիչ պատասխաններ Ամենայն Հայոց Կաթողիկոսից: Վեհափառ Հայրապետը կատարված մեծածավալ աշխատանքների համար իր գոհունակությունը հայտնեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այսպիսի կարևոր ուխտագնացության կազմակերպման հարցում:

Հոգևորականաց դասի առաջնորդությամբ ուխտավորները այցելեցին նաև Եռաբլուր և ծաղիկներ խոնարհեցին մեր սուրբ նահատակների շիրիմներին՝ միասնական աղոթք բարձրացնելով նրանց հոգինների հանգստության համար:

Ծրագրի շրջանակներում ուխտագնացության մասնակիցները հուլիսի 9-ին այցելեցին Սևանավանք, որից հետո նավով զբոսանք կատարեցին գեղատեսիլ Սևանա լճի վրայով: Այնուհետև շարժվեցին դեպի Սևանի Վազգենյան դպրանոց՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը: Հոգևոր դպրանոցի պատերից ներս աշխարհասփյուռ հայ ուխտավորների ձայները միաձուլվեցին՝ հնչեցնելով հոգևոր ու հայրենասիրական երգեր:

Ուխտագնացության վերջին օրը երիտասարդները մասնակցեցին Բջնիի Ս.Աստվածածին Վանքում Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս  Տերտերյանի ձեռամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագի մասնակիցները ստացան Սուրբ հաղորդություն, իսկ Սրբազան Հայրը իր օրհնությունը փոխանցեց երիտասարդներին:

Օրվա ավարտին տեղի ունեցավ փակման խնջույք, որով և ամփոփվեց ՀԵՀԵՄ երիտասարդական ուխտագնացության այս տարվա ծրագիրը: Ուրախ և հետաքրքիր երեկոն ապահովեցին Հայաստանի սիրված և ճանաչված երգիչներն ու պարային համույթները: Ուխտագնացության մասնակիցների կարծիքով՝ նրանք վերադառնում են իրենց տները դասընթացներից մեծ գիտելիքների պաշար հավաքած և հիշարժան տպավորություններով լի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE