«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր». համահայկական ուխտագնացություն-2023
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի հուլիսի 5-10-ը Մայր Հայաստանում անց է կացվել «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը:
Աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդներին համախմբող ուխտագնացությանը այս տարի մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից: Արցախի շրջափակմամբ պայմանավորված մարդկանց ազատ տեղաշարժի անհնարինության պատճառով, այս տարի Արցախից մասնակցող ուխտավորները ընտրվել են Մայր Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներից:
Ուխտագնացության օրերը սկսվում և ավարտվում էին աղոթքով: Ուխտագնացության առաջին օրը սկսվեց առավոտյան ժամերգությամբ, որից հետո մեկնարկեց «Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանքի» ՀԵՀԵՄ երկօրյա դասընթացը։ Անցկացվեցին «Սոցիալական մեդիայի ռազմավարության պլանավորում», «Սոցիալական մեդիա արշավ» խմբային աշխատանքները:
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց համահայկական ուխտագնացության մասնակիցներին: Հայոց Հայրապետը երիտասարդներին փոխանցեց իր պատգամը։ Նորին Սրբությունը ներկայացրեց Էջմիածնի կենսական նշանակությունը Հայոց Եկեղեցու համար. «Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները: Վեհափառ Հայրապետն ուխտագնացության կազմակերպման նպատակով կատարված մեծածավալ աշխատանքների համար իր գոհունակությունը հայտնեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այսպիսի կարևոր ուխտագնացության կազմակերպման հարցում:
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության վերջին օրը՝ հուլիսի 9-ը մեկնարկեց Չարենցավանի Ս․ Փրկիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին ուխտավոր երիտասարդների մասնակցությամբ։ Պատարագը մատուցվեց ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հանդիսապետությամբ Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի: Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում ուխտավոր երիտասարդները շուրջպար բռնեցին: Օրվա երկրորդ հատվածում հանդիսավոր կերպով վկայականներ հանձնվեցին «Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանք» դասընթացի մասնակիցներին:
«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խարույկով: