Հակոբավանքի Վերածնունդ
Սբ. Հակոբավանք վանական համալիրն Արցախի գանձն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտ։ Թեև վանքի այսօրվա տեսքից դժվար է պատկերացնել իր վաղեմի հզորությունը, այն դարեր շարունակ եղել է Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։
Հակոբավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում (5-7 դարերում)։ Իր ամբողջական տեսքը ստացել 11-12-րդ դարերում։ Իսկ արդեն 15-րդ դարում դարձել է Մեծ Առանքի, նույն Մեծարանց գավառի աթոռանիստը:
Իր անվանումը համալիրը ստացել է Մեծ Հայքում քրիստոնեություն քարոզող, հայ մեծագույն սրբերին դասված Հակոբ Մծբնեցու շնորհիվ, ում Աջը պահվել է Հակոբավանքում ընդհուպ մինչև 19-րդ դար։
Հոգևոր գործառույթից զատ, Հակոբավանքը հանդիսացել է ուսման և դպրության կենտրոն, որտեղ բնակվել են բազմաթիվ հոգևորականներ:
Հակոբավանքը հարյուրավոր տարիներ շարունակ չի նորոգվել, ինչը չի խաթարել վանքի յուրահատուկ մթնոլորտը, բայց օրհասական է դարձել վանքի վերակառուցման հարցը մեր օրերում։ Հակոբավանքի ներկայիս վիճակը հրատապ լուծումներ է պահանջում, քանի որ այն կարող է փլուզվել ամեն րոպե ՝ անհետանալով պատմության էջերից։
«ռեԱրմենիա» համագործակցությունը և դրամահավաքի հարթակը, Արցախի Կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ համատեղ նախաձեռնել է “Հակոբավանքի Վերածնունդ” նախագիծը ։
Հակոբավանքի վերածննդին ուղղված այս նախագծի շրջանակներում միավորելով ամբողջ հայության ներուժը, վերականգնողական և ճարտարապետական ոլորտի լավագույն մասնագետների ներուժը՝ նախաձեռնվել է հանրային դրամահավաք՝ քայլ առ քայլ վերակառուցելու համալիրը՝ տալով իրեն իր հնուց եկած հմայքն ու բովանդակությունը։
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ Սուրբ Հակոբավանքի վերականգնումից հետո այն կդառնա գործող եկեղեցի:
«Մեր պատմական հին վանքերի վերանորոգման հարցը լուծելով՝ բռնում ենք մեր նախնիների հոգևոր ձեռքը և հաղոդակից ենք դառնում նրանց: Մենք նաև ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցի, և մենք ենք պատմական այդ վանքերի ու եկեղեցինիերի տերը», — նշեց թեմակալ առաջնորդը:
Ի վերջո, Հակոբավանքի վերածնունդը նոր շունչ և հավատքի զգացում կբերի հետպատերազմական Արցախ, կնպաստի վերջինիս մշակութային և կրոնական կյանքի ծաղկմանը, ինչպես նաև կխթանի Արցախի տնտեսական և համայնքային զարգացումը։ Վանքն իր ողջ պատմությամբ ունի հսկայական ներուժ`ակտիվացնելու Արցախի սոցիալական և մշակութային կյանքը, հատկապես նախորդ տարվա սարսափելի իրադարձություններից հետո, որոնք հիմնովին ցնցեցին մեր ամբողջ ազգը:
Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև հանգանակությունների համար կարող եք անցնել այս հղումով: hakobavank.am