Գնահատանք և երախտիք Դադիվանքի սպասավորներին
Այսօր Արցախի թեմի և ԱՀ կառավարության կողմից գնահատանքի արժանացան արդեն մեկ տարի Դադիվանքի վանական համալիրում իրենց ծառայությունը բերող հոգևորականները։
Դադիվանքի հոգևոր սպասավորներին ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սրբազան հայրը բարձր գնահատեց հոգևորականների նվիրյալ ծառայությունը դժվարին պայմաններում և իր խոսքում մասնավորաբար նշեց, որ Դադիվանքն այսօր դարձել է մեր կորսված հայրենիքը և նրա մնացորդացը իրար կապող մի փարոս, և այդ փարոսի աղոթքի լույսը վառ պահողը վանքի նվիրյալ եկեղեցականներն են։
Վրթանես եպս. Աբրահամյանը Դադիվանքի հոգևոր սպասավորներին հանձնեց օրհնության գրեր, այնուհետև տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Պետնախարարը իր երախտագիտությունն ու խոնարհումը բերեց Դադիվանքում ծառայող հոգևորականներին, ովքեր հավատքի առաջնագծում կանգնած, հաղթահարելով թշնամու ներկայությամբ ստեղծված ծանր հոգեբանական դժվարություններն ու ֆիզիկական վտանգը, չեն թողնում, որ աղոթքը լռի մեր միայնակ մնացած վանքում։
Ա. Բեգլարյանը, սրբազանին ուղղված իր խոսքում, կարևորեց եկեղեցու դերն ու նշանակությունն այս օրերին Արցախի վերականգնմանն ուղղված աշխատանքների մեջ։ Նա Արցախի նախագահի և կառավարության անունից պետական պարգևներ հանձնեց հոգևորականներին մաղթելով նրանց ուժ և կորով հետագա ծառայության մեջ։