Անցնող դժվարին 2023-ն ու բարի սպասումներով լի 2024-ը
Հետադարձ հայացք նետելով 2023 թվականին, հասկանում ենք, որ անցնող տարին հայ ազգի համար եղել է փորձությունների ու բազում մարտահրավերների տարի: Մեր ժողովուրդն իր մաշկի վրա զգացել է այդ դաժան փորձությունների ծանր հետևանքները: Մենք պետք է զննենք արված և չարված գործերը` հասկանալու, թե որտեղ էր թերացումը:
Լինելով քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին ազգը, մենք պետք է հավատարիմ մնանք մեր իսկ ուխտին` հետևելով Քրիստոսի խոսքին և զերբազատվելով բոլոր չար ու վատ մտքերից ու գործերից: Միայն զղջումն ու դարձի գալը կփրկի մեզ և զերծ կպահի նոր արհավիրքներից ու զրկանքներից: Միմյանց հանդեպ սիրո ու հոգատարության, առաքինի կեցվածքի ու ազնիվ գործերի շնորհիվ Տերը կլուսավորի մեր կյանքն ու կջերմացնի մեր կարծրացած սրտերը, «քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է»(Հակոբոս 1:17):
Մենք պարտավոր ենք լինել քաջասիրտ, քանզի մեր առաքելության սահմաններն ավելի են ընդարձակվել. մեր նպատակների մեջ ավելացել է նաև Արցախը վերադարձնելու փափագը: Քրիստոնյային հարիր չէ հուսահատությունն ու տկարությունը: Եթե հայ ժողովուրդն իր ամեն մի փորձությունից թուլանար, մենք չէինք ունենա այն բոլոր հաղթանակները, որոնք կերտվել են դարեր շարունակ:
Թող բոլորս ամրանանք մեր հավատքի մեջ և շարժվենք մեր կյանքի ամենաճշմարիտ ուղեցույցով` Սուրբ Գրքով, որում նաև ասվում է. «Աստված կրկին կողորմի նրանց ու կվերադարձնի հայրենի երկիր… Տերը կփառավորի իր ժողովրդին, և կցնծան բոլոր նրանք, ովքեր Տիրոջը՝ Աստծուն, ճշմարտությամբ ու արդարությամբ կսիրեն (Տովբիթ 14:5-7):
Սիրելիներ, մաղթում ենք բոլորիդ Աստծո օրհնություններով լի տարի, որտեղ սերն ու բարությունը օրեցօր կավելանա: Թող 2024 թվականն ու գալիք բոլոր տարիները Հայոց աշխարհի համար լինեն հաղթանակով հաստատված խաղաղության տարիներ: