Ազգային օրակարգի հարցերը՝ Իտալիայի ուշադրության կենտրոնում
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վերջերս այցելել է Իտալիա՝ «Una voce nel silenzio» ասոցիացիայի հրավերով: Ասոցիացիան, որը ջանում է հալածված քրիստոնյաների ձայնը լսելի դարձնել աշխարհի համար, այդ նպատակով արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո այց էր կատարել Արցախ:
Այս օրերին Վրթանես Սրբազանը ժամանել է Լոմբարդիա, որը ժամանակին ընդունել էր Արցախի անկախությունը: Սրբազան Հայրը այցելել է Լոմբարդիայի նահանգապետարան, հանդիպումներ ունեցել խորհրդականների, պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպումների ընթացքում խոսվել է Արցախի ներկայիս իրադրության մասին՝ քննարկելով քրիստոնյաների իրավունքների հարցը հետպատերազմյան շրջանում:
Քննարկումների շրջանակներում Խոսվել է նաև Ամարասում երիտասարդական կրթական, գիտական և ստեղծագործական կենտրոն բացելու ծրագրի մասին:
Մտահոգված լինելով այս օրերին մեր հայրենիքում ստեղծված լարված իրադրությամբ՝ Սրբազան Հայրը հարցազրույցներ է տալիս տեղական հեռուստաընկերություններին՝ նպատակ հետապնդելով բարձրացնել Իտալիայի քաղաքացիների իրազեկվածության աստիճանը ադրբեջանական հերթական ագրեսիայի նկատմամբ, որը կրում է հայ ժողովուրդը: