Այսօր Հադրութի օրն է. այց զինվորական պանթեոն
Օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի օր: Օրվա կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը մի խումբ հադրութեցիների հետ միասին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և իրենց խոնարհումը բերել հադրութեցի նահատակներին: Կատարվել է հոգեհանգստյան կարգ բոլոր զոհված նահատակների հոգու խաղաղության համար:
Սրբազան Հայրն իր խոսքում ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ ծանր վիճակում է հիմա գտնվում մեր հայրենիքը` համոզմունք հայտնելով, որ մեր ազգի համախմբման շնորհիվ մենք նորից կկարողանանք հետ բերել մեր հայկական տարածքներն ու Հադրութը կրկին դարձնել մեր հոգևոր ներշնչման աղբյուրը, որտեղ հայը կհարատևի իր քրիստոնեական արժեհամակարգով:
Վրթանես Սրբազանը պատգամեց, որ մենք միշտ պիտի հիշենք մեր նահատակներին և երբեք չպիտի հետ դառնանք մեր պայքարից` հավատարիմ մնալով մեր նախնիների սրբազան առաքելությանը: