Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիքի հիշատակության օր
Խորհրդավորությամբ և եկեղեցական արարողություններով հագեցած այս օրը առանձնահատուկ է Ավագ Շաբաթվա մեջ: Ավագ Հինգշաբթին սկսվեց ապաշխարողաց կարգով, որի ժամանակ պահեցողության մեջ գտնվող մեր հավատացյալները արձակում ստացան, որով և իրավունք վերապահվեց Սուրբ Պատարագի ժամանակ հաղորդակից լինելու Քրիստոսի Մարմնին և Արյանը:
Եկեղեցական ծիսակարգի համաձայն կատարվեց նաև Ոտնլվայի կարգ, որն ունի գեղեցիկ խորհուրդ. հեզությամբ և խոնարհությամբ Քրիստոս օրինակ ծառայեց բոլորիս համար:
Թեմակալ առաջնորդը հանդիսապետում էր Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու արարողությունները: Սրբազան Հայրը Քրիստոսի օրինակով լվաց և յուղով օծեց 12 տղաների ոտքերը, ովքեր ընտրված էին թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտներից: Արարողության ավարտին հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղ:
Երեկոյան կատարվեց նաև Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունը:
Թեմի վանքերում և եկեղեցիններում հոգևոր հայրերի ձեռամբ կատարվեց Ավագ Հինգշաբթի օրվա եկեղեցական արարողությունները: