ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ։

«Գերաշնորհ սրբազա´ն Հայր

Ի սրտե ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առիթով։

Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած:

Բարձր պահելով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի մարդկային վեհանձնության, առաքինության, բարեգթության, խաղաղասիրության ու իմաստության բարի համբավը՝ Ձեր ամենօրյա գործունեությամբ ու աշխատանքով Արցախում իրականացնում եք քրիստոնեական պատշաճ դաստիարակություն ու քարոզչություն։

Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերը՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, Արցախի թեմի ծաղկմանն ու բարգավաճմանը։

Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը՝ հանուն մեր ժողովրդի բարօրության, հանուն մեր երկրի հզորության և հարատև խաղաղության։

Սրբազա´ն հայր

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեր հոբելյանը՝ մաղթում ենք անսպառ եռանդ, առողջություն, արևշատություն, աստվածահաճո և արդյունաշատ գործերով առլեցուն տարիներ»։