Արցախցի մանուկների Սուրբ Ծննդյան միջոցառումը
Դետեմբերի 28-ին տեղի ունեցավ «Լույս Արցախի մանուկներին» կրթական ծրագրի Սուրբ Ծննդյան միջոցառումը։ Միջոցառումը սկսվեց Արցախի օրհներգով. երեխաները հանդես եկան ազգային երգ ու պարով, արտասանություններվ, որ համեմված էր արցախյան բարբառով՝ ուխտելով վերադառնալ մեր Արցախի սիրուն աշխարհ։ Միջոցառմանը ներկա էին Արցախի նախկին պետական այրեր։
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ելույթի ընթացքում շեշտեց այսպիսի կրթական ծրագրերի կարևորությունը. «Արցախահայության ներկա վիճակը թելադրում է մեզ ավելի միասնական լինելու, ավելի նպատակային ծրագրեր իրականացնելու և մշտապես ունենալ մեր մտքի և սրտի մեջ Արցախը և Արցախի պետականությունը»: Ելույթ ունեցավ Դանիական — հայկական բարեգործական առաքելության «Լույս մանկանց» կրթական ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը. «Ձմեռ Պապին մեզ բան թող չբերի, այլ թող մեզ դարձյալ տանի դեպի մեր սիրուն Արցախ աշխարհ»:
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության արցախցիների հետ կապված ծրագրերի ղեկավար Տարոն Թարվերդյանն իր ելույթում նշեց մանուկների կյանքում Աստվածաշնչի կարևորության մասին և շնորհավորեց երեխաների գալիք Սուրբ Ծննունդն ու Ամանորը։
Միջոցառման տաղավարում հատուկ անկյուն էր զբաղեցնում գունագեղ ազգային զարդանախշերով կարպետները, որոնք երեխաները պատրաստել էին արտթերապիայի հանդիպումներին։ Նրանցից առավել ակտիվ 4 երեխաներ պարգևատրվեցին հավաստագրերով և գրքերով։
Միջոցառման ավարտին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից բոլոր երեխաներին բաժանվեցին թեմատիկ Աստվածաշնչեր։ Արարատյան Հայրապետական թեմի Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի, եկեղեցու հավատացյալների և տիկնանց միության ջանքերով արցախցի փոքրիկները Ձմեռ Պապիկից ստացան Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերներ։