Արցախի Թեմին Կից «Կիրակնօրյա դպրոց»
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում և Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում բացվեցին ՀԱԵ Արցախի թեմին կից՝ «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում գործող կիրակնօրյա դպրոցները:
Կիրակնօրյա դպրոցները հոգևոր և գեղագիտական դաստիարակության կրթօջախներ են, որոնք գործելու են շաբաթը 1 օր 8-12 տարեկան երեխաների համար և նպաստելու են մատաղ սերնդի հոգևոր և հայեցի դաստիարակությանն ու մշակութային զարգացմանը: Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են 60-ից ավելի երեխաներ։ Քանի որ մինչև դեկտեմբերի 24-ը հանրապետությունում կարանտին է հայտարարված, իսկ մեզ համար մեր երեխաների առողջությունը շատ թանկ է և չենք ուզում վտանգել այն, այդ իսկ պատճառով կիրակնօրյա դպրոցի դասընթացները կանոնավոր կերպով կմեկնարկեն գալիք տարվա հունվար ամսից։
Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան
- ստանալ տեսական գիտելիքներ Աստվածաշնչային ճշմարտությունների և Հայոց եկեղեցու դավանանքի ու սրբազան ավանդությունների մասին
- ամրապնդել տեսական գիտելիքները գործնականում՝ ձեռքի աշխատանքների միջոցով։
- Զարգացնել իրենց մտածողությունը
- Ուսանել ազգային երգ ու պար
- Հոգևոր երգեցողություն
- Մասնակցել տարբեր ուխտագնացությունների
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունել է կիրակնօրյա դպրոցների բացումը և նշել, որ մեր հայացքները դեպի Աստված ուղղելով միայն կարող ենք ունենալ ապագայի հիանալի տեսլական։