Արցախի Թեմի Առաջնորդը՝ առաջնային խնդիրների մասին

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է Արցախի ներկա կացությանը և պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներին:

«Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞։ Եթե մեր բանակը տկար է, եկեղեցի վերանորոգելով չենք կարող շարունակել ապրել։ Եթե մարմնով հզոր չես, հոգևոր առաքելությունդ էլ չես կարող կատարել։ Ես վստահ եմ, եթե Արցախը ամուր պարիսպներ ունենա, սահմանային գյուղերի բնակիչները աշխատանք ունենան, իրենք իրենց ձեռքով կվերանորոգեն իրենց տեղի վանքերը», — նշեց նա։

Արցախի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Արցախում նախ պետք է հզորացնել անվտանգությունը, ապա նոր զբաղվել հոգևոր և մշակութային կյանքի հարստացմամբ։

«Եկեղեցին միշտ ասում է՝ ամուր հոգևոր տան կողքին պետք է լինեն ամուր իշխանական տներ։ Իշխանական տներից մեկն էլ բանակն է։ Մեր հայրերը ի՞նչ են արել Կաչաղակաբերդում։ Նրանք այդտեղ նախ կառուցեցին բերդը, ապա կամուրջը, հետո նոր՝ եկեղեցին։ Նույն առաջնահերթությամբ էլ մենք պետք է շարժվենք», — ասաց թեմակալ առաջնորդը։

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի և վաղվա հարցը այժմ բոլոր արցախցիների համար առաջնայինն է։

«Իշխանությունների ամեն որոշում ուղիղ հետևանք է ունենում արցախցիների համար։ Եթե Արցախի ապագան, վաղվա օրը պարզ լինի, դու էլ հնարավորություն ունենաս, պետք է նոր եկեղեցիներ էլ կառուցես, իսկ ավելի լավ է՝ հները, որոնք խոնարհված վիճակում են, վերանորոգես։ Ես չեմ ասում, որ եկեղեցիներ պետք չէ վերանորոգել կամ հոգևոր կյանքը պետք է առանձնանա բանակից, հակառակը՝ աղոթող զինվորը աննկուն զինվոր է, մեր պապերը խաչերը ձեռքին են գնացել հայրենիքը պաշտպանելու։ Ու մենք էլ ասում ենք՝ հույսը առ Աստված երբեք չի ամաչեցնում, բայց այդ հույս ունեցողն էլ պետք է իր վաղվա, իր իշխանությունների որոշումների հանդեպ վստահություն ունենա», — ասաց Սրբազան Հայրը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE