Արցախի թեմի առաջնորդը 60 տարեկան է
Այսօր իր հոբելյանական 60-րդ տարեդարձն է նշում Արցախի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սիրելի՛ Սրբազան Հայր, Արցախի թեմի ողջ պաշտոնեությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ տարեդարձի առիթով:
Դուք անցել եք երկար ու դժվարություններով լի ճանապարհ՝ իմաստությամբ հաղթահարելով բազում մարտահրավերներ։ Մեծ է Ձեր դերն ու ավանդը Հայոց Եկեղեցու անդաստանից ներս: Ձեր սուրբ առաքելությամբ Դուք նվաճեցիք հավատավոր ժողովրդի սերն ու վստահությունը և նրանց սրտերում կրկին անգամ վառեցիք Աստծո լույսը՝ հոգևոր խնամք տածելով Ձեզ վստահված հոտի նկատմամբ:
Երկար տարիներ Ձեր անձնվեր ծառայությունն եք բերել ՀՀ Զինված Ուժերում՝ որպես հոգևոր առաջնորդ, մի նոր մակարդակի և որակի հասցնելով Եկեղեցի — Բանակ անխափան կապը։ Հայոց աշխարհը իր ողջ պատմության ընթացքում առերեսվել է բազմաթիվ խոչընդոտների ու դժվարությունների և այդպիսի փորձությունների ճանապարհին Հայոց բանակը և Հայոց Եկեղեցին միշտ կողք կողքի քայլել են միասին, անցյալում թողնելով բոլոր խնդիրները։ Այդ դժվար ճանապարհին մեծ էր նաև Ձեր ներդրումը՝ որպես ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ։
Մեկ տարի առաջ, հետպատերազմական դժվարին ժամանակահատվածում, ծառայության կոչվելով Արցախի թեմի առաջնորդի սուրբ և միաժամանակ պատասխանատու պաշտոնում, Դուք մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ լծվեցիք այդ սուրբ առաքելությանը։
Սրտի անկեղծ ջերմությամբ և աղոթքով հայցում ենք, որ Ամենազոր Տերը շնորհի Ձեզ քաջառողջություն, երկար տարիների արևաշատ օրեր և արգասաբեր գործունեություն, որ Տիրոջ օրնությամբ երկար տարիներ առաջնորդեք Արցախի Ձեր հոտը դեպի լուսո և խաղաղության բարի օթևաններ։