Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական խոսքը

Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական խոսքը Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Սիրելի՛ քահանա հայրեր և հայոց բանակի գնդերեցներ, սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի կապակցությամբ։

Ղևոնդ քահանան և իր զինակից հոգևորականները իրենց սխրանքով ու մահու չափ սիրով դարեր շարունակ նվիրումի օրինակ և ոգեշնչման աղբյուր են դարձել հայ հոգևորականության համար։

հատկանշական է, որ մեր եկեղեցին քահանաների տոնը կապել է զինվորական եկեղեցականների հիշատակի հետ։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ Հայոց Եկեղեցին միշտ էլ կանգնած է հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Արցախյան վերջին պատերազմը նորից փաստեց, որ Ղևոնդյանց քահանաների դասը դեռ ապրում է ու գործում ի դեմս Մկրտիչ աբեղա Մկրտչյանի, Նարեկ սրկ. Պետրոսյանի, Ռուստամ սրկ. Պողոսյանի և պատերազմի մասնակից բազմաթիվ գնդերեցների ու քահանա հայրերի։

Սիրելի քահանա հայրեր, այսօր մեր երկիրը կարիքն ունի Ձեր նվիրյալ ու հերոսական ծառայության նաև խաղաղ պայմաններում։ Դուք պետք է մարդկանց սրտերին ու մտքերին հասցնեք Քրիստոսի լույսը և օգնեք բռնելու մեր ամենաանդավաճան դաշնակցի Աստծո ձեռքը։

Թող Ղևոնդյանց քահանաների օրինակը լինի Ձեզ համար ուժականության աղբյուր, իսկ նրանց բարեխոսությունը զորավիգ լինի Ձեր առաքելության ընթացքում։

Շնորհավոր Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը։

Աղոթքով և օրհնությամբ

Արցախի թեմի առաջնորդ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE