Արցախի թեմի առաջնորդի անդրադարձը ներկա իրավիճակին

Արցախի թեմի առաջնորդի խոսքը

​Սիրելի արցախցիներ,

Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով արցախահայությանը: Քանի որ արցախահայությունն ունի շատ լավ փորձ՝ հասկանալու թշնամու ծրագրերը, ուստի այսօր էլ լավ զգում է վտանգի աստիճանը և այդ իսկ պատճառով մտահոգ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ու կենսական ճանապարհի փակումը զուտ բնապահպանական հարց չէ, այլ Արցախի ժողովրդի դեմ պետական հովանավորությամբ ծրագրավորված ու թիրախային մի գործընթաց, որ նպատակ ունի ամեն կերպ ճնշելու արցախահայությանը և ստիպելու լքել հայրենի հողը:

Սիրելի արցախցիներ, հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել և խուճապահար չլինել, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին:

Սատանան Քրիստոսի խաչելության իրադարձության առաջ կանգնած չարախնդում էր, թե կարողացավ սպանել ճշմարտությունը և արդարությունը, բայց ի զորու չէր տեսնել Նրա իրական ուժը՝ Սիրո ուժը, որովհետև զուրկ էր սիրելու կարողությունից։ Հայրենի մեր Արցախի հանդեպ սերն է այն ուժը, որ մեզ պետք է գոտեպնդի դիմանալու բոլոր տեսակի նեղություններին ու սադրանքներին, որոնք չեն կարող վերացնել մեր այդ կենարար ուժը, որը վերջիվերջո հաղթելու է, ինչպես Քրիստոս Իր հարությամբ հաղթեց մահվան զորությանը։

Լիահույս ենք նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել սրբազան իր առաքելությունը և կվերականգնի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կենսական ու ապահով գործունեությունը: «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․ 5:4-5)։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE