Արցախի ռուսական համայնքը թեմի ուշադրության կենտրոնում
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հունվարի 8-ին թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հյուրընկալել է Արցախում բնակվող ռուսական համայնքի ներկայացուցիչներին` ԼՂՌՀ առաջնորդ Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ: Սրբազան Հայրն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Վրթանես Սրբազանն իր հայրական խորհուրդները տվեց ռուսական համայնքի անդամներին, ովքեր Արցախի ժողովրդի հետ վերապրել են արցախյան պատերազմների դժվարին օրերը և այժմ էլ արցախահայության հետ միասին հայտնվել են շրջափակման մեջ: Ըստ Սրբազան Հոր` պետք է օգտվել մեր քրիստոնեական զինանոցից, որը ոչ ժանգոտում է, ոչ էլ կորչում ժամանակի մեջ` այն մշտապես մեզ հետ է:
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը շեշտեց ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելության կարևորությունը Արցախում և այն նշանակալի հանգամանքը, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և անմիջական ջանքերի շնորհիվ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում կառուցվել է Ս. Ծննդյան եկեղեցին:
Վրթանես Սրբազանը կարևորեց նաև այն ջերմ հարաբերությունները, որ տիրում է Արցախի թեմի և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների և այդ համայնքների անդամների միջև: