Արցախահայության հիմնախնդիրներից խոսվեց Աշխարհի Կրոնների ներդաշնակության նախաճաշ-հանդիպմանը
Ամեն տարի, Փետրվար ամսվա 1֊ին շաբաթը նվիրված է Աշխարհի Կրոնների ներդաշնակության (Interfaith Harmony Week), որի ընթացքում զանազան հավատքների պատկանող ներկայացուցիչների միջև տեղի են ունենում բազմաթիվ և տարաբնույթ հանդիպումներ։
4/02/2025֊ի առավոտյան, ինչպես նախորդ տարիներում, նախաձեռնությամբ Sint’Egidio միջազգային կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի, տեղի ունեցավ նմանատիպ մի նախաճաշ֊հանդիպում` Բրյուսելի “Le Plaza” հյուրանոցի “Versailles” շքեղ սրահում, որին ի թիվս բազմաթիվ կրոնական համայնքների ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու անունից մասնակցեց Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի Բելգիայի փոխանորդ` Տ. Զատիկ Վարդապետ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ։
Օրվա զրույցի և մտքերի փոխանակման նյութն էր` “Կրոնների դերը աշխարհի մարդկության առջև ծառացած մարտահրավերների դիմակայությանը, դրանց համար լուծումներ փնտրել֊գտնելուն։
Ներածական խոսքով հանդես եկավ Sint’Egidio֊ի Կենտրոնական Վարչության անդամ, Բարոն ժան ԴԸ ՎՈԼԴԵՐԸ։ Իսկ հանդիպման եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նախագահ` Բարոնուհի Հիլդ ԴԸ ԿԻԲՈՒՄԸ։
Իր ելույթում Զատիկ վարդապետը հիշեցրեց, որ Հայաստանը առաջին երկիրն է եղել, որը 301 թ֊ին պաշտոնապես ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն և որը ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, ի գին ամեն ինչի, շարունակում է մնալ փարոս` դյուրաբեկ տարածաշրջանը լուսավորելու Քրիստոսի քարոզած հավատքով, հույսով, սիրով և հարատևությամբ։
Հայր Սուրբը իր խոսքի մեջ ներկաների ուշադրությունը հրավիրեց և ընդգծեց նաև վերջին տարիներին, քաղաքակիրթ աշխարի շատ երկրների անտարբեր և մեղսակից հայացքների ներքո, Արցախահայության կրած ծանր տառապանքներն ու մարդկային, հոգևոր, մշակութային և նյութական արժեքների ու ժառանգությանց մեծ կորուստները։ Ի հիշատակ այդ հանդիպման և Sint’Egidio-ին շնորհակալություն հայտնելու համար` Զատիկ Հայր Սուրբը նախագահ Տիկին Բարոն Դը ԿԻԲՈՒՄԻՆ նվիրեց Արցախի գորգարվեստը ներկայացնող մի վզկապ։
Պետք է ասել, որ հանդիպումը մի առիթ էր` եղբայրության, բարեկամության, հույսի և լույսի նոր կամուրջներ ստեղծելու` այդպիսով հավատարիմ մնալու մարդկային մեր կոչման, տեր լինելու ու խնամք տանելու մեր բնակավայր երկիր մոլորակին։