Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապին ներկայացրել է բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրները
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում:
Վեհափառ Հայրապետն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթոլիկ Եկեղեցու կապերի ամրապնդումը: Հայոց Հայրապետը Հռոմի Պապին ներկայացրեց տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը: Հարկ է նշել, որ Հռոմի Պապին տրված նվերների շարքում եղել է նաև Արցախի թեմի գրասենյակի և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության համատեղ նախագիծը հանդիսացող Արցախի թեմի մատենաշարի առաջին հրատարակությունը` «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագրով գիրքը: