Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական խոսքը Ավետման տոնի, Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Սիրելի՛ մայրեր և քույրեր,
Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի՝ Ավետման տոնի առթիվ և մեր աղոթքն ու օրհնությունը բերում մայրության բերկրանքին սպասող բոլոր կանանց: Կնոջ մեծագույն շնորհը Մայր լինելն է, որով մարդկային կյանքը ստանում է իր շարունակականությունը։ Մենք՝ հայերս, վաղուց ենք ընկալել այս սրբազան իրողությունը և հատուկ ակնածանք տածել մոր և մայրության հանդեպ՝ անվանելով մեր ամենանվիրական սրբությունները Մայր՝ Մայր Հայրենիք, Մայր Հայաստան, Մայր Եկեղեցի, Մայր Հող, Մայր Լեզու…
Այս շղթայի մեջ մի յուրահատուկ օղակ է դարձել Հայ Զինվորի Մայրը և հատկապես որդեկորույս Մայրը։ Ինչպես Սուրբ Մարիամ Աստվածածինը ծնեց, սնեց և փայփայելով մեծացրեց իր Հիսուս Մանկանը և վերջում կանգնած լացում էր Նրա Խաչի առաջ, նույնպես և մեր Հերոսածին Մայրերը իրենց զավակներին լույս աշխարհ բերելով, պարուրելով իրենց սիրով ու հոգատարությամբ՝ հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ իրենց որդիներին անմռունչ կերպով ուղեկցեցին դեպի Գողգոթա։ Մարիամի նման նրանց սրտերով էլ սուր անցավ, բայց չպետք է մոռանանք, որ Մարիամը չմնաց անմխիթարության մեջ, որովհետև ի վերջո Հիսուս Քրիստոս Հարություն առավ, և իր մորը մենակ չթողեց, այլ այնքան խորն էր նրանց սերը, որ Աստվածամորը մարմնով տարավ իր մոտ և շնորհ արեց լինելու մարդկության համար ամենամեծ բարեխոսը։ Մեր հայոց մայրերը ևս թո՛ղ հույսն ունենան Քրիստոսով՝ իրենց որդիների հետ հանդիպելու հավիտենության մեջ։
Սիրելի՛ Մայրեր և քույրեր, գարնանային այս գեղեցիկ տոնին, հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը Ձեզ համար, մեր ազգի համար, որպեսզի լցվեք կյանքի հանդեպ հույսով և լավատեսությամբ: Թո՛ղ Մարիամ Աստվածածնի կերպարը լինի ուղենշային մեր աղջիկների, քույրերի և մեր մայրերի համար՝ զարդարվելու առաքինության գործերով և փնտրելու հարատև երջանկություն։
Շնորհավո՛ր Ավետման տոն: