Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օծման 22-րդ Տարին
Նոյեմբերի 4-ին լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 22-րդ տարին:
Նորին Սրբության կյանքի յոթ տասնամյակներից ավելի քան հինգը եղել են Հայ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին անմնացորդ նվիրումի տարիներ: Որպես Իր ծառայասիրության եւ ժրաջան գործունեության արգասիք՝ Վեհափառ Հայրապետը կարողացավ նվաճել ազգի սերն ու վստահությունը և Սուրբ Հոգու առաջնորդությամբ բարձրանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գերագահ Աթոռին: Հայրապետական ծառայության այս 22 տարիները արժևորված են բյուր ազգանվեր և աստվածահաճո գործերով, և Նա այսօր էլ, որպես Լուսավորչի Աթոռի գահակալ, շարունակում է անմնացորդ նվիրումով առաջնորդել Հայոց Հավատքի Նավը դեպի լուսո խաղաղ նավահանգիստ։
Արցախի թեմի հոգևոր ողջ դասի և մեր հավատավոր զավակների անունից` մեր որդիական անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Նորին Սրբությանը այս ուրախալի օրվա առթիվ: Արցախը մշտապես գտնվել և գտնվում է Վեհափառ Հոր ուշադրության կենտրոնում: Այս վերջին գոյապայքարում մենք բոլորս զգացինք Նորին Սրբության սրտացավ ու հոգատար ներկայությունը թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ հետպատերազմյան ծանր շրջանում, որը մեզ համար հույսի և ուժականության մեծ աղբյուր է դարձել։
Ուստի այսօր մենք մեր որդիական խոնարհումը և Արցախի ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնելով` աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես զորավոր պահի Վեհափառ Հոր Սուրբ Աջը և պարգևի քաջառողջ արևշատություն շարունակելու հովվապետի առաքելությունը՝ որպես Լուսավորչի Աթոռի արժանընտիր Գահակալ: