Ամարաս վանքի ուխտի և Սուրբ Գրիգորիս Հայրապետի հիշատակության օր
Հուլիսի 24-ին՝ Ամարաս վանքի ուխտի և Սուրբ Գրիգորիս Հայրապետի հիշատակության օրը, Արցախի թեմը մեծ ուխտագնացություն է կազմակերպել դեպի Ամարաս: Սուրբ Պատարագը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Վրթանես Սրբազանը քարոզում անդրադարձել է տոնական օրվա մանրամասներին, շնորհավորել և իր հայրական օրհնանքը բաշխել ներկաներին։ Նա մաղթանքներ է հղել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անխախտության, զորական և զինվորական ուժի անսասանության, մեր գերված քույր-եղբայրների շուտափույթ վերադարձի, վասն հավատո և վասն հայրենյաց ընկածների հոգիների փրկության համար։ Խոսել է նաև հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ:
Պատարագի ավարտից հետո ուխտավորները համախմբվել են վանական համալիրին մերձ տարածքում, որտեղ թթենիների շվաքի տակ բացված սեղանների շուրջ հյուրասիրություն էին կազմակերպել Մարտունու շրջանի համայնքները։ Օրհնված մատաղ է բաժանվել ներկաներին։ Մարտունու Քնար համույթի և Ստեփանակերտի պետական երգչախմբի համերգային ծրագիրը հոգևոր-մշակութային մասն էր ապահովել։ Շվիահար Հակոբ Բաբայանը “Եղիցի լույս” նախագծի շրջանակներում հնչեցրել է հոգեպարար շարականներ։
Գրիգորիսը Վրթանեսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ավագ որդու երկվորյակ զավակներից առաջինն է: Ծնվել է 295 թ.-ին Կեսարիայում և իր հոր ու եղբոր՝ Հուսիկի հետ Հայաստան է եկել 310թ.-ին: 320 թվականին, երբ Գիրգորիսը հազիվ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր՝ եպիսկոպոս ձեռնադրվեց և Կովկաս ուղարկվեց: Նա գնաց և այնտեղի եկեղեցիները լուսավոր կարգադրություններով նորոգեց: Սակայն 337թ.-ին Գրիգորիսը նահատակվեց մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվեց Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, սրբի նշխարների վրա կառուցվեց Ս. Գրիգորիս եկեղեցին:
Այսօր Սուրբ Գրիգորիսի դամբարանի մոտ հնչել են բազմաթիվ աղոթքներ: Ուխտավորները իրենց ուխտն են նորոգել աստվածընտրյալ կաթողիկոսի բարեխոսությամբ: