Ամանորյա ուղերձ

Սիրելի հավատավոր հայորդիներ,

Ժամանակը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` ապագայից օրեր պոկելով և դարձնելով անցյալ։ Հարափոփոխ մեր այս կյանքում մենք ունենք հանգրվաններ, երբ ակամա պետք է կանգ առնենք ու գնահատենք մեր ընթացքը, և այս հանգրվաններից ամենակարևորը Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդով իմաստավորված տարեվերջյան և տարեմուտի պահն է։

Մեր համար Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները կարծես թե մի տեսակ ուրիշ իմաստ ու բովանդակություն են ստացել։ Արցախյան վերջին պատերազմը մեր առջև նորից պարզեց չարի և մեղքի ձեռագիրը, մահվան շունչը թևածեց հայոց հողի վրա: Փորձություններով ու դժվարություններով լի այս ժամանակներում մենք անընդհատ փնտրում ենք խաղաղություն և արդարություն, որոնում հաստատուն հիմքեր, որոնք մեզ ուժ կտան նորից ապրելու: Ամանորին առավել են ուժեղանում մեր այս մղումներն ու ցանկությունները: Եվ ահա սպասումի այս ճանապարհին մեր աղոթքները մեզ բերում են ու կանգնեցնում Բեթղեհեմի մսուրի առջև:

Այսօր աշխարհում ամեն մի մարդկային նոր ծնունդ վկայություն է այն մասին, որ Աստված դեռևս չի հիասթափվել մեզանից, իսկ Հիսուս Քրիստոսի ծնունդը ժամանակի մեջ ամենամեծ դրսևորումն է Աստծո մեր հանդեպ ունեցած սիրո և հայրական ողորմածության։ Ահա թե ինչու է Մանուկ Հիսուսը այն հաստատուն վեմը, որի վրա նորից պետք է կառուցենք խարխլված մեր հայրենի կյանքը և այն հզոր վկայությունը, որ մեր միակ անդավաճան դաշնակիցը Երկնավոր Հայրն է, Ով այնքան է սիրում մեզ, որ իր Միածնին ուղարկեց լինելու մեզ հետ և մեզ նման:

Իսկ արդյո՞ք այսօր էլ կարող է շոշափելի իրականություն դառնալ Սուրբ Ծննդյան հրաշքը։ Երբ Հիսուս Ծնվեց Բեթղեհեմ քաղաքում, Տիրոջ Հրեշտակների բանակը երևաց հովիվներին, և աշխարհի Փրկչի ծննդյան լուրը տալով նրանց` երգում էին. «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն»: Ահա այս փառաբանության մեջ է թաքնված իրական նպատակը Քրիստոսի աշխարհ գալու, իրական Սուրբ Ծննդյան հրաշքը։ Երբ մարդկանց մեջ լինի հաճություն, այսինքն միմյանց հանդեպ սեր և հոգատարություն, ներողամտություն և ողորմածություն, այնժամ երկրի վրա կլինի խաղաղություն, իսկ Աստված դրանով կփառավորվի բարձունքներում։ Եթե մենք չենք կարող ամբողջ աշխարհը միանգամից փոխել, գոնե կարող ենք մեր փոքրիկ երկրում տարածել Հաճության մթնոլորտ։ Աստված մեզ ընդառաջ է եկել` իջնելով մեր մարդկային բնության մակարդակին, մնում է մենք ընդառաջ գնանք Նրան, և բարձրանանք Աստվածային մակարդակի։ Իսկ դա հնարավոր է մեզ համար. Վառ օրինակը Մարիամ Աստվածածինն է, եկեղեցու բոլոր Սրբերն են և ի վերջո՝ վասն հայրենյաց մեր նահատակները ։

Սիրելիներ, Սուրբ Ծննդյան տոնը նորից ու նորից մեր առջև է դնում կյանքի մեծագույն ընտրությունը. կընտրենք լույսը, թե խավարը` որոշումը մերն է, իսկ այդ որոշումից է կախված Սուրբ Ծննդյան հրաշքի իրականացումը թե մեր անհատական կյանքում, և թե մեր ազգային կյանքում։ Հոգևոր այս վերապրումի կարևոր պահին մեր աղոթքներում հիշենք Արցախի ազատության համար իրենց կյանքը տված մեր բոլոր հայորդիներին, մեր գերիներին մաղթենք օր առաջ շուտափույթ վերադարձ, իսկ անորոշության քողով ծածկված մեր զավակների ճակատագիրը թող ի բարին բացահայտվի։ Իսկ մենք Հույսով և Հավատով լցված, կրկին անգամ սրտի մեծ ուրախությամբ ազդարարում ենք`

† Քրիստոս ծնավ և հայտնեցավ,

Ձեզ և մեզ մեծ ավետիս †

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE