Կայացավ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագիրը կրող աշխատաժողովը
Օրհնությամբ Վեհափառ Հայրապետի, սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագիրը կրող աշխատաժողով-գիտագործնական քննարկումը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ աջակցությամբ ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների։
Աշխատաժողովին ներկա էին շուրջ 50 հոգևորականներ, պատմաբաններ, մշակութաբաններ,և թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Հընթացս աշխատաժողովի բանախոսություններով հանդես եկան պատմաբաններ, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներ Ալեքսան Հակոբյանը և Մելանյա Բալայանը՝ ներկայացնելով Աղվանից եկեղեցու պատմությունը՝ սկսած հիմնադրումից մինչ ուշ միջնադար։
Բանախոսությունները գիտական տեսանկյունից արդիական և կարևոր խնդիրների էին անդրադառնում՝ կապված վերջին շրջանում ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելու հետ։ Բանախոսություններից հետո տեղի ունեցան քննարկումներ՝ պարզելու, թե ինչ անելիքներ կան գիտական դաշտում, որպեսզի միջազգային գիտական հանրույթին առավել մասշտաբային կերպով ներկայացվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պատկանելիության հարցը։
Աշխատաժողովն անցավ դրական և արդյունավետ մթնոլորտում, մասնակիցները ցանկություն հայտնեցին հետագայում ևս նմանատիպ սեմինար-քննարկումներ անցկացնել։