Աբգար թագավորի հիշատակության օր

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքը 44-օրյա պատերազմից հետո գրեթե հայաթափվել էր, իսկ քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցին զրկվել էր աղոթող հավատացյալներից։ Այսօր բնակիչների մի մասը սկսել է վերադառնալ և բայց աղոթական այս խուլ լռությունը խախտելու և հույսի ճրագը վառ պահելու համար ամեն ամիս Արցախի թեմի քահանաներից որևէ մեկը այցելում է այստեղ և մատուցում ուխտի Սուրբ Պատարագ, որպեսզի Արցախը Հայաստանին կապող կյանքի այդ ճանապարհին գտնվող եկեղեցում հայկական աղոթքը չլռի: Գրեթե ամեն օր ճանապարհով անցնող ուղևորները կանգ են առնում, մտնում են եկեղեցի և աղոթք բարձրացնում առ Աստված:

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին` աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր սբ. Աբգարի հիշատակի օրը, հերթական Պատարագը մատուցեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Օրվա խորհրդին նվիրված իր քարոզի մեջ Տեր Անդրեասը անդրադարձ կատարեց Աբգար թագավորի կենսագրությանը, ասելով, որ թեև քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է հռչակվել 301 թ.՝ Տրդատ Երրորդ թագավորի օրոք, սակայն հայոց արքաներից Աբգարն էր առաջին թագավորը, ով հավատաց Քրիստոսին, մկրտվեց և դարձավ քրիստոնյա հենց առաջին դարում: Ուստի և մենք, որպես առաջին քրիստոնյա ազգ և որպես ժառանգները առաջին քրիստոնյա թագավորի պետք է հավատանք Աստծուն ոչ թե մեր անձնական շահերի համար, այլ որովհետև Աստված գոյություն ունի, Նա կա ու սիրում է մեզ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE