Վանդալիզմի հերթական դրսևորումը օկուպացված Արցախում
Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման ողորմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր- թալանչու էությանը:
Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, եւ ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար: Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:
Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները:
- Տապալել են Ստեփանակերտի մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը
- Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում իրականացնում են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ. հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները
- Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին օգտագործում են որպես պահեստ` տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար
- Ավերել են Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը, ինչը կանգնեցվել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին