Ուխտագնացություն. Արցախի երիտասարդները Վարագավանքում

ուխտագնացություն Վարագավանք

Արցախի թեմի երիտասարդները Տավուշում ուխտավորաբար այցելեցին Վարագավանք՝ միանալու Հայաստանի մարզերից և Սփյուռքից ժամանած հայորդիներին և մասնակցելու Տավուշի թեմում ամեն տարի մեծ շուքով կազմակերպվող Վարագա Սուրբ Խաչի տոնակատարությանը:

Երիտասարդները նախօրոք ծանոթացել էին վանքի և Քրիստոսի Խաչափայտի մասունքի խորհրդավոր պատմությանը, թե ինչպես է 4-րդ դարում սրբուհի Հռիփսիմեն Քրիստոսի խաչափայտի մասունքը բերել Արևմտյան Հայաստանում գտնվող Վարագա լեռը և այնտեղ հանձնել հայ ճգնավորներին։ Այն հարյուրամյակների միջով անցելով հասել է Տավուշի մարզ, որի առիթով էլ ձևավորվել է Նոր Վարագավան համայնքի անվանումը: Այս պատրաստությամբ մեր երիտասարդները սպասումով էին մասնակցելու Սուրբ Պատարագին և հպվելու Մայր Աթոռից բերված Քրիստոսի Խաչափայտի մասունքին: Իսկ դեպի վանք երեքժամյա ճանապարհը նրանց համար անցավ շատ հետաքրքիր ուսուցողական զրույցներով ու քննարկումներով. շատ արշավների մասնակցած և զբոսաշրջության մեջ մեծ փորձառությամբ մեր երիտասարդներն իմացան,թե ուխտագնացությունն ինչով է տարբերվում արշավից և զբոսաշրջությունից: Մենք առաջին անգամ էինք Վարագա վանքում: Այն խորհրդավոր էր և գեղատեսիլ: Տուն դարձի ճանապարհին յուրաքանչյուրը, հոգով խաղաղված և զորացած, կիսվեց իր տպավորություններով և զգացումներով: Իսկ վերջում բոլորը նվեր ստացան «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գիրքը, որը մեզ է տրամադրել Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը: Ուխտագնացությունը կազմակերպել էր Արցախի թեմը:

Արցախի թեմի երիտասարդաց միությանը միանալու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Արցախի թեմի երիտասարդաց միության ատենապետ Դավիթ․ ուրկ․ Փաշայան


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE