«Ապրեք և արարեք Մայր Հայաստանում՝ վերադարձի հույսը անթեղած ձեր հոգիներում․Արցախի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները կարոտով սպասում են հենց ձեր աղոթքներին».

Ապրեք և արարեք Մայր Հայաստանում՝ վերադարձի հույսը անթեղած ձեր հոգիներում․Արցախի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները կարոտով սպասում են հենց ձեր աղոթքներին

“Dear compatriots!

Դրախտային Արցախի կորուստը անասելի հարված էր յուրաքանչյուրիս համար։ Մեզ համար այդ ցավը կրկնապատկվում է, որովհետև, անսալով հայրենի մեր իշխանությունների հորդորներին, հասկանալի պատճառներով չկարողացանք վերջին օրերին լինել մեր ժողովրդի կողքին։ Թվում է թե խոսելն այլևս արդիական չէ և ասելու բան չկա, բայց իրերի հոգևոր հանգամանքը և առ Աստված ունեցած հույսը մղում են մեզ կիսելու մեր մտածումները ստեղծված իրավիճակի մասին։

Արցախի ամբողջական և բռնի հայաթափումը այլևս կանխատեսվող իրողություն չէ, այլ կատարված ցավալի փաստ: Ժողովրդական առածի համաձայն, ոչ թե «դանակը հասել է ոսկորին», այլ կտրել անցել է այն՝ մեզանից նորից պոկելով հայրենիքի մի սրբազան հատված: Հայոց մեծ եղեռնը մեր ենթագիտակցության մեջ արմատացել էր որպես պատմական իրողություն և մենք մտածում էինք, որ մեր ապրած ներկայում չեն կարող լինել նման երևույթներ, բայց սխալվեցինք և բախվեցինք այն պարզ ճշմարտությանը, թե. «ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու»:

Արցախյան առաջին ազատամարտում հաղթեցինք ոչ թե նրա համար, որ ավելի զարգացած էինք ու ավելի զինված, այլ մեր մղումները ազնիվ էին և նվիրումը` մեծ: Աստված էլ տեսնելով մեր սիրտն ու հոգին՝ պարգևեց մեզ ազատ ու անկախ Արցախ ունենալու ուրախությունը: Իսկ մենք, փոխանակ խոնարհությամբ ընդունելու մեզ տրված հաղթությունը, ընկանք անտարբեր հպարտության մեջ, ամեն ինչ վերագրեցինք մեզ ու սկսեցինք մսխել մեր հաղթանակը: Առավել զգալի չափով մեր երկիրը սկսեցին թուլացնել հենց այն անձինք, ում հրամանատարությամբ և առաջնորդությամբ ազատագրվել էր մեր հայրենիքը։ Արդյունքում այսօր մենք հնձում ենք այն, ինչ սերմանել էինք և խնամքով աճեցրել: Մենք, որպես քրիստոնեա ժողովուրդ, անփույթ կերպով անտեսում էինք աստվածաշնչյան այն բազում տեղիները, որոնք նախանշում են յուրաքանչյուր ազգի կործանման կամ հզորացման ուղիները և չէինք օգտվում դրանց օգտակար խրատներից:

Բայց այսօրվա մեր գերխնդիրը ուղղակի մեղավորներ փնտրելն ու նրանց դատապարտելը չէ: Արցախի կորուստը սառը ցնցուղ և սթափեցնող ապտակ պիտի լինի մեր ազգի համար, այլապես կորստյան այս անիվը կշարունակվի պտտվել: Մենք կանգնած ենք արցախահայության, որպես հայության հավաքական հանրույթի, վերջնականապես հատվածական դառնալու, իսկ գուցե նաև տարալուծվելու, ձուլվելու անխուսափելի վտանգի առաջ։ Այսօր համահայկական օրակարգի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանից մեր հայրենակիցների սպասվող և արդեն իսկ մեկնարկած հոսքը կանխելը, արցախահայությանը Հայաստանում վերաբնակեցնելուն ուղղված լայնածավալ ծրագրերի իրագործումը՝ ընդհուպ մինչև բնակարանաշինություն և արցախցիների մասնագիտական ներուժի իրացում։

Խորը ցավով տեղեկացանք Ադրբեջանի կողմից Արցախի պաշտոնյաների ապօրինի ձերբակալությունների և սպասվող դատավարության մասին։ Սա մեզ համար ոչ թե զուտ անհատների կալանավորում է, այլ տարիներ շարունակ մեր փայփայած երազների և Արցախում ազատ ապրելու կամքի բանտարկություն։ Մարդիկ, ովքեր եղել են Արցախի պետականության ներկայացուցիչները, այսօր գտնվում են թշնամական բանտերում։ Մենք աղոթում ենք նրանց և մեր բոլոր գերյալ զավակների շուտափույթ վերադարձի համար։ Հազարամյակներ շարունակ հայը ապրելով Արցախում` շունչ ու հոգի է տվել դրախտային բնություն ունեցող այդ երկրամասին: Մեծ Հայքի այլ նահանգների հետ համեմատած` Արցախում են գտնվում ամենաշատ վանքերն ու եկեղեցիները: Պատմամշակութային հուշարձաներից զատ՝ Արցախը հնուց անտի ձևավորված հայկական յուրահատուկ էթնոմշակութային մի տարածք է` իր բարբառներով, բանահյուսությամբ, ազգային ծեսերով, սովորույթներով ու կենցաղավարությամբ:

Մենք անընդունելի ենք համարում Արցախի Հանրապետության լուծարումը գրչի մեկ հարվածով, որովհետև Արցախի Հանրապետությունը ծնվել է մեր ժողովրդի ազատ կամարտահայտության և արցախյան գոյապայքարի արդյունքում, և այն անլուծարելի է մեր սրտերում և գիտակցության մեջ։ Ուստի, սիրելի արցախցիներ, մեր խնդրանքն ու հորդորն է, որ երբեք չհեռանաք ձեր յուրահատուկ ինքնությունից, և ձեր ներսում երբեք չմարեք վերադարձի հույսը, որովհետև եթե աշխարհիկ մարդկանց մոտ հույսը վերջինն է մահանում. ապա քրիստոնեայի մոտ հույսը երբեք չի մահանում և ամոթով չի թողնում: Ապրեք և արարեք Մայր Հայաստանում՝ համախմբվելով մեր Մայր Եկեղեցու հովանու ներքո և վերադարձի անմար հույսը անթեղած ձեր հոգիներում․ Արցախի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները կարոտով սպասում են հենց Ձեր աղոթքներին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE