Ամանոր 2026

Ամանոր 2026

Սիրելի՛ հավատավոր զավակներ ի Քրիստոս,

2025 թվականը, մոտենալով ավարտին, մեր առջև է բացում Ամանորի կարևոր ու մաքրագործող մի խորհուրդ, երբ նրան նայում ենք հոգևոր կյանքի տեսանկյունից։ Այն մեզ հրավիրում է ոչ թե ուղղակի թերթելու օրացույցի հերթական էջը, այլ հայելու մեր ներսը՝ ազնվորեն նայելով մեր սրտերին ու հոգիներին։ Այդ օրը մեզ մաքրվելու է մղում, մաքրվելու հոգին ու մարմինը տանջող մեղքերից, կյանքի խոտոր ուղիներից ու սովորույթներից։

Նոր Տարին մի նոր կանչ է՝ Աստծո հետ առավել ուշադրությամբ խոսելու, լսելու մեր ներքին ձայնը, որ Նա դրել է մեր մեջ։ Այդ աղոթական հանգստության մեջ մենք, միայն մենք կարող ենք սրբագործված անոթի վերածել մեր սրտերը՝ պատրաստված տերունապարգև շնորհներով լցվելու համար։ Եվ միայն այդ ժամանակ է, որ մենք պատրաստվելով, երկյուղածությամբ ու խոնարհությամբ կարող ենք մի քանի օրից դիմավորել Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը։

Տերը մեզ սովորեցնում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6։21)։ Այս հավիտենական ճշմարտությունը մեր` արցախահայության առջև է հառնում այսօր որպես ազգային վերագտնումի ուղի։ Մեր գանձը երկնային է՝ Աստծո Արքայությունը և Նրա հավիտենական ներկայությունը վայելելու հույսը։ Բայց և Աստված մեզ՝ որպես հավաքական ժողովրդի, շնորհել է երկրային սրբազան մի գանձ ևս՝ հայրենի երկիր Արցախը։ Սրանք հակընդդեմ իրողություններ չեն, այլ խորապես միացյալ, հավատի, հույսի ու ինքնազոհության կապերով կապված խորհուրդ, որին կոչված ենք։

Մենք կոչված ենք պահպանելու մեր երկրային գանձն ու փոխանցելու մեր զավակներին այնպես, ինչպես որ պարտավոր ենք ձգտել մեր երկնային ու բացարձակ գանձին։ Եվ թող Տերը մեզ հավատի շնորհ պարգևի, որ Արցախը մեզ համար չմնա որպես զուտ կարոտ ու հիշողություն, այլ այդ հավատով զորացած շոշափելի դարձնենք մեր կարոտն առ հայրենին։ Հավատով զորացած է, որ մեր սերը գործնական վկայություն է դառնում։

Եվ թող որ գալիք տարին մեզ համար դառնա հոգևոր զարթոնքի, ապաշխարության ու հավատով զորացման տարի։ Թող որ մեր սրտերը դառնան Քրիստոսի բնակարաններ, և թող Երկնավոր Հայրը մեզ շնորհի ուժ ու զորություն՝ քայլելու հույսի, արժանապատվության ու մեր հավաքական արժեքների հանդեպ անսասան սիրո շավիղներով։

Թող Տերն օրհնի բոլորիդ ընտանիքները և թող արդարությունը վերականգնվի`խաղաղ ու արժանապատիվ վաղվա համար։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE