Ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին
Խախտված իրավունքներ և ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին
Արցախյան վերջին պատերազմից հետո օկուպացվեց Արցախի ամբողջ տարածքը։ Քաղաքներից, գյուղերից զատ՝ թշնամու վերահսկողության տակ անցան Արցախի բազմաթիվ հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ, հուշակոթողներ: Վտանգի տակ դրվեց պատմության և ինքնության պահպանումը։ Կանգնելով մշակութային ժառանգության կորստի սպառնալիքի առջև՝ այսօր կանգնած ենք անցյալի, ինքնության պահպանման կամ մոռացման խնդրի մեջտեղում։ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշում է, որ մեր ինքնությունն անմիջապես կապված է այդ հուշարձանների, եկեղեցիների հետ․
Ադրբեջանական վանդալիզմի պատճառով ավերվում, քանդվում և պղծվում են անգամ գերեզմանները։ Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցի ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին։ Գրեթե մեկ ամսում ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ 2024 թ․ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվեց Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատունը․
Ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում տարածվել էր հոլովակ, որտեղ ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում, ինչ-որ աշխատանքներ են իրականացնում, ու նաև երևում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն են տեղադրված հուշաքարերի վրա։ Այնուհետև հոլովակից պարզ է դառնում, որ այս գերեզմանոցը ևս ենթարկվել է ադրբեջանական վանդալիզմի։
Ադրբեջանի կողմից իրականցվող այս բոլոր ավերիչ գործողություններն ամբողջությամբ առնչվում են նաև մարդու իրավունքներին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը նաև մարդու իրավունքի պաշտպանության տիրույթում է․
— Բազմաթիվ կոնվենցիաներով թե կրոնական կառույցները, թե, օրինակ, ընտանեկան գերեզմանները գտնվում են անմիջական պահպանության տակ։ Մատնանշենք՝ նույն գերեզմանների պահպանությունը կոնվենցիաների շրջանակներով տեղավորվում է, օրինակ, ընտանեկան կյանքի իրավունքի տակ, ինչը նշանակում է, որ անձը իրավունք ունի հասանելիություն և հնարավորություն ունենալ պահպանելու իր սիրելիների հիշատակը և այլն, և այլն։ Եկեղեցիների պահպանությունը կամ կրոնական ազատություն ասվածը միայն չի նշանակում, որ անձը իրավունք ունի լինելու այս կամ այն հավատքի, կրոնի հետևորդ, այլ նաև նշանակում է, որ պետք է անխոչընդոտ մուտք ունենա այդ վայրեր կամ հնարավորություն ունենա իրացնելու իր կրոնական ազատությունը։ Այս ամենը միանշանակ տեղավորվում է ինքնության պահպանման իրավունքի տիրույթում։
ՄԻՊ-ը նշում է նաև, որ դեռ 2020 թվականից փորձեր են արվել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային արժեքների պահպանության մոնիթորինգի համար ՅՈւՆԵՍԿՕ-ին ներգրավել, ունենալ միջազգային փորձագիտական անկախ խումբ, որը կժամանի, տեղում կդիտարկի իրավիճակը, բայց անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ն էլ հրապարակային հայտարարությամբ խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմը ուղղակի չի համագործակցում և թույլ չի տալիս նրանց իրականացնել այդ այցերը։
Այս ամենից հետո անգամ Ադրբեջանը շարունակել և շարունակում է Արցախում ոչնչացնել, վերացնել, պղծել, փորձել այլ ազգի պատմության մաս կամ հենց ադրբեջանական համարել այն ամենը, ինչը հայկական է։ Արցախում եկեղեցիներից շատերի ճակատագիրն անհայտ է, դեռ կան եկեղեցիներ, որոնք շարունակում են գոյություն ունենալ, իսկ շատերն էլ դարձել են ադրբեջանական վանդալիզմի մաս։
Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ) կառուցվել է 1818 թվականին։ Մինչև 2020 թվականի պատերազմը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։ Գտնվում էր քաղաքի արևմտյան՝ սարահարթի բարձրադիր հատվածում, որտեղից տեսանելի էր քաղաքի ամբողջ համայնապատկերը: 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել է: Վնասված են գմբեթն ու զանգակատունը։ Այսօր ադրբեջանցիները անհիմն հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը և «չընդունելով» նախկինում կատարված վերանորոգումները, ձեռնամուխ են եղել կառույցը որպես ռուսական եկեղեցի «վերափոխելու» աշխատանքներին․
Քաշաթաղի շրջանի ք․ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին քաղաքում միակն էր․ կառուցումն ավարտվել էր 1998 թվականին: Մինչև 44-օրյա պատերազմը և դրանից որոշ ժամանակ հետո եկեղեցին կանգուն էր։ Դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են եկեղեցին վերածել մզկիթի, սակայն 2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է՝ եկեղեցին հիմնովին ավերված է․
Երբ 2022 թվականի օգոստոսի 25-ին տարհանվեցին թվով 47 մշակութային հուշարձան՝ այդ թվում խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ, դրանց թվում էր նաև Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտները, Ադրբեջանական մեդիա դաշտում սկսեցին ակտիվ քննարկել այս հուշարձանների տարհանումը և, որ ամենակարևորն է, մեղադրանքներ հնչեցրին սբ. Համբարձման եկեղեցին «թալանելու» վերաբերյալ։ Հենց այս պատճառաբանությամբ, որ Ադրբեջանը կարող է մեղադրանքներ հնչեցնել ՀՀ հասցեին, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության մասին։ Ըստ նրա խոսքի՝ այս պահի դրությամբ շատ մեծ աշխատանք է տարվում կարևոր խնդրին լուծումներ տալու համար, սակայն ամեն բան հրապարակելը, հանրայնացնելը կարող է միմիայն վնաս հասցնել գործի ընթացքին։ Այն հարցին՝ արդյոք չկան թարմ տվյալներ, թե ինչեր են դուրս բերվել օկուպացված տարածքից, նա պատասխանեց, որ նույնիսկ թիվ նշել չի կարող, քանի որ Ադրբեջանը հետևողական է այս հարցում և կարող է մեղադրանքներ հնչեցնել՝ ասելով, որ այս պահի դրությամբ իր վերահսկողության տակ գտնվող տարածքից տարհանումներ են եղել՝ առանց իր համաձայնության, հետևաբար սա ևս կարող է խոչընդոտ հանդիսալ գործընթացի համար։
Հակառակ 1954 թվականին ընդունված Հաագայի Մշակութային Գույքի Պաշտպանության Երկրորդ արձանագրությանը՝ Ադրբեջանը դիտավորյալ կործանում և աղավաղում է հայկական պատմական և մշակութային ժառանգությունը, այդ գործողությունը շարունակում է նաև պատերազմի ավարտից հետո։ Բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր հիմնատակ ավերվել են, և հատկանշական է, որ հաճախ ադրբեջանական կայքերում են տարածվել նկարներ, հոլովակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են քանդվել այդ հուշարձանները կամ թե ինչ վիճակում են գտնվում հիմա։ Այդպիսի օրինակ կար Հադրութի շրջանի Առաքել գյուղում, երբ զինվորական բեռնատարը դիտավորյալ ավերում էր խաչքարը։
Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում 2016 թվականին պաշտոնապես եղավ գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումը, որի պատին ամրացված հուշատախտակները ադրբեջանական կողմը ոչնչացրել է։ Սա հայտնի դարձավ ադրբեջանական մեդիայում հրապարակված տեսահոլովակի միջոցով։
Ադրեբջանական կողմը նաև ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։ Ավերել են նաև ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին, Ստեփանակերտում գտնվող Ստեփան Շահումյանի արձանը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը։
Ադրբեջանն իր ավերման քաղաքականությունը վարում է անգամ գյուղերում․ հիմնատակ ավերվել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը՝ հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։ Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են մնացել 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արբանյակային պատկերների՝ գյուղի գերեզմանոցում ավերումներ չեն նկատվել․(Նկ․1 2021թ․, Նկ․2 2024թ․)
Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է նաև Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, այլ շինություններ քանդվել են․ (Նկ․ 1․ 2021թ․, նկ․2․ 2024թ․)
Բազմաթիվ կոնվենցիաների առկայության դեպքում անգամ Ադրբեջանը շարունակում է խախտել բազմաթիվ ամրագրված իրավունքներ, թեպետ շարունակվում է Ադրբեջանի քայերը վերահսկող և կարգավորող բանաձևերի ընդունումը, ինչպես օրինակ՝ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև՝ «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։ Բանաձևում ներառված են առանցքային կետեր՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիության և անվտանգային խնդիրներ, ՀՀ անկախության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնալիքներ, դատապարտում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումներ։ 9-րդ կետով պնդում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, իրավական բարեփոխումների իրականացմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իր իսկական պատրաստակամությամբ: Հավատարմորեն ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ 15-րդ կետով կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և վերահաստատում է իր կոչը ադրբեջանական իշխանություններին՝ թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և տալ ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար, ներառյալ նրանց հողի և սեփականության իրավունքները: