Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87

Շուշիի շրջան

Զբաղեցնում է ԱՀ հարավարևմտյան փոքր հատվածը` Արցախի լեռնաշղթայի կենտրոնական մասը: ԱՀ-ի ամենափոքր շրջանն է, տարածքը կազմում է 381,3 քառ. կմ:

Շրջանի մակերևույթն ամբողջովին լեռնային է, որը գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով: Նրա հարավային` Հադրութի շրջանին սահմանակից հատվածում է գտնվում Մեծ Քիրս լեռը (2724 մ): Շրջանի տարածքով է անցնում Կարկառ գետն իր վերին հոսանքով, որն այստեղ ունի բազմաթիվ արագահոս վտակներ:

Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի քաղաքում, որը հաճախ անվանում են Արցախի մշակութային մայրաքաղաք, երբեմն նույնիսկ՝ «Կովկասի Փարիզ»: Շուշին,իրավամբ,Արցախի Հանրապետության ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Շուշիի բարձրավանդակը մեր նախնիների կողմից բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հելլենիստական և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի մշակութային գտածոներ: Մ.թ.ա. առաջին հազարամյակի վերջում բարձրավանդակում արդեն պաշտպանական կառույցներ են կանգնեցվել:

20-րդ դարի սկզբին Շուշին իր հարմարություններով չէր զիջում եվրոպական քաղաքներին՝ հոսող ջուր, լավ սարքավորված փողոցներ և մայթեր: Այս շրջանի մշակութային մակարդակը շատ բարձր էր: Շուկաներում ներկայացված արցախյան հայտնի մետաքսները, գորգերը և զարդերը ապշեցնում էին ճամփորդներին իրենց ճոխությամբ և վառ գույներով:

ք. Շուշի Ս. Աստվածածին կամ Ագուլեցոց եկեղեցի, 1822թ.
Ս. Ամենափրկիչ կամ Մեղրեցոց եկեղեցի, 1833թ.
Ս. Ամենարփրկիչ կամ Ղազանչեցոց, 1858-1887թթ.
Ս. Ամենարփրկիչ եկեղեցի կամ Ղարաբաղցոց եկեղեցի , 18-19-րդ դդ.
Ս. Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցի, 1818թ.
գ. Եղցահող Ս. Սարգիս եկեղեցի, 2006թ.
Ս. Աստվածածին եկեղեցի, 18-րդ դար
գ. Հին Շեն Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Եկեղեցի «Եղցու գլուխ» տեղամասում, 1651թ.
գ. Ղայբալիշեն Ս. Աստվածածին եկեղեցի, 1696թ.
գ. Մեծ Շեն Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար
Ս. Հռիփսիմե եկեղեցի, 19-րդ դար
Ս. Պանդալեոն, 1658թ.
գ. Քարին Տակ Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար