Ավետարանոց

Please enable JavaScript in your browser to complete this form.

Ավետարանոց կամ Չանախչի գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Ասկերանի շրջանում, նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում: Բնակավայրի մասին պահպանված հիշատակությունները վերաբերում են վաղ միջնադարին։

Սարգիս Ջալալյանցը Ավետարանոց ավանում ծերունիներից մի ավանդություն է լսել, ըստ որի՝ Վաչե Առանհշահիկ թագավորը, պարսկական բանակի դեմ մարտեր մղելուց և հաղթանակելուց հետո իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել այդ գյուղում, և դրանից էլ բնակավայրը ստացել է Ավետարանոց անունը: Միջնադարում Ավետարանոցը բնութագրվում էր որպես գյուղաքաղաք՝ տների քանակով, բնակչությամբ և գեղեցիկ շինություններով: Մակար Բարխուդարյանցը գտնում է, որ Համամ թագավորը նույնպես թաղված է այդ գյուղում:

16–17-րդ դարերում Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը: Գյուղը հայտնի է նաև որպես ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկը:

19–րդ դարի երկրորդ կեսին Ավետարանոցում մետաքսի 3 գործարան կար:

1920-ական թվականներին խորհրդային կարգերի հաստատումից հետո 1930 թ. գյուղում կազմավորվել է կոլտնտեսություն, որի առաջին հիմնադիր նախագահը եղել է Ալեքսան Արզումանյանը: Անասնապահության ասպարեզում արձանագրված հաջողությունների համար 1972 թ. կոլտնտեսությունն արժանացել է ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ–ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրի: Խորհրդային տարիներին Ավետարանոցում գործել է Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի մասնաճյուղը:

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 335 մարդ: Նրանցից 130–ը զոհվել են: Գյուղի ազգաբնակչությունն իր արժանի ավանդն է ունեցել նաև արցախյան ազատագրական պատերազմին: Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին գյուղում կառուցվել են հուշահամալիրներ։

1869 թ. Ավետարանոցի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց: 1873 թ. բացվել է նախակրթարան՝ 20 աշակերտով, 1908–1909 ուսումնական տարում ՝երկդասյա երկսեռ դպրոց՝ 82 աշակերտով: Խորհրդային տարիներին Ավետարանոցում գործել է միջնակարգ դպրոց։ 2014–2015 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 168 աշակերտ, աշխատում՝ 28 ուսուցիչ:

Ավետարանոցը հիրավի բաց թանգարան է երկնքի տակ: Գյուղում և նրա շրջակայքում պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ կան։ Դրանց թվում են՝ Կուսանանց անապատը (1616 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցին (1651 թ.), Մելիք–Շահնազարյանների 3 ապարանքները, Ավետարանոցի ամրոցը.

Ավետարանոցում հայտնի են Ցորտ, Մեծ, Դաշխուն, Շոր, Շահգալդանց, Քշանանց, Կերթնուկ, Սալքարեր, Ռուսեն, Աշոտեն, Թաս, Հացեն, Վրթեգ, Քոռ, Հայրունց, Ստեփանանց, Իդանանց, Զիմով, Սահար, Վանեսի և Խնձորամաքի աղբյուրները: Համայնքում գործում էր գյուղապետարան, ակումբ, դպրոց, մանկապարտեզ, «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ–ի մասնաճյուղը, բուժկետ, խանութներ: Ավետարանոցում 2018 թ. կար 250 տուն, 1158 բնակիչ:

In September 2023, as a result of the forceful occupation of the entire territory of Artsakh and the mass displacement of the Armenian population of Artsakh, the village was completely depopulated.

Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, 2020, էջ 44-49։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE