Ակնաղբյուր
Ակնկալում ենք, որ բնակավայրի մասին հավելյալ տեղեկություն ունեցող անձինք սիրահոժար տրամադրեն իրենց ունեցած նյութերը՝ նպաստելով բնակավայրի պատմության առավել ամբողջական ներկայացմանը։
Please also provide your contact information so we can follow up if necessary.
Ակնաղբյուր գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում, Վարանդա գետի վերին հոսանքի ձախափնյակում։
Գյուղի անվան ծագման շուրջ կան տարբեր կարծիքներ։ Նախկինում այն հայտնի էր որպես Ղարաբուլաղ (Կարաբուլաղ)։ Մակար Բարխուդարյանը այն թարգմանում է որպես Սև աղբյուր, Թեմուր Ամիրջանյանի կարծիքով գյուղը կոչվել է Վարարակն, իսկ Սլավա Սարգսյանի դիտարկմամբ՝ տեղանվան ճիշտ ձևը Քարաղբյուրն է։
Գյուղի հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն տարածքում պահպանված հուշարձանները՝ Ղևոնդանց (Ղևոնդիկ) անապատը (5–18-րդ դարեր), Ըխտըլ հազ և Ղուզե թաղի սրբատեղիները, միջնադարյան Ղարալի գյուղատեղին ու գերեզմանոցը վկայում են այնտեղ վաղնջական ժամանակներից ի վեր կենսունակ կյանքի մասին։
19-րդ դարում Ակնաղբյուրում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին։ 1894 թ. կաթողիկոսի կոնդակով բացվել է ծխական–եկեղեցական դպրոց, որտեղ 1907 թ. սովորում էր 35 աշակերտ, 1909–1910 թթ․՝ 52 աշակերտ։ Դպրոցը պահպանվում էր աշակերտների ուսման վճարներով ու հանգանակություններով։
Խորհրդային տարիներին գյուղում գործում էր միջնակարգ դպրոց։ Այդ շրջանում գյուղում կազմավորվում է կոլտնտեսություն։ Խորհրդային ժամանակներում գյուղում կառուցվել են դպրոց, ակումբ, բուժկետ, կապի բաժանմունք, գրադարան, խանութ և կենցաղսպասարկման տուն։
Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 128 մարդ, որոնցից 61-ը զոհվել է։ Ակնաղբյուրի բնակչությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։ Պատերազմի նախօրեին դպրոցում գործել է Արթուր Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մահ կամ ազատություն» գաղտնի խմբակը։Արցախյան պայքարին իրենց կյանքը նվիրաբերել են 19 ակնաղբյուրցի ազատամարտիկներ։
19-րդ դարի 90-ականներին գյուղում կար 35 տուն, 295 բնակիչ, 1920 թ․՝ 127 տուն, 545 բնակիչ, 1987 թ․՝ 137 տուն, 544 բնակիչ, 2018 թ․՝ 144 տուն, 529 բնակիչ։
1995 թ․ գյուղը վերանվանվել է Ակնաղբյուր.
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջ տարածքի բռնազավթման և հայության բռնի տեղահանության արդյունքում Ակնաղբյուրն ամբողջությամբ հայաթափվել է։