«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Արցախի գրկում
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգներով հանդես է եկել Արցախում՝ քաղցրանվագ հնչյուններով լցնելով արցախցիների սրտերն ու հոգիները: Երգչախումբը իրենց հոգեզմայլ երգերն են հնչեցրել նաև Արցախի թեմի սրբավայրերում:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Բարի գալուստ տուն» խոսքերով դիմավորեց երգչախմբին՝ իր երախտագիտության խոսքը հայտնելով երգչախմբին՝ հանձինս գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի, ովքեր իրենց աշխատանքով փորձում են լինել արցախցու կողքին, ինչպես նշեց մաեստրոն:
Երգչախմբի հերթական այցի անդրանիկ համերգը տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, որից հետո փոքրիկ երգիչների հրեշտակային ձայները հնչեցին Գանձասար վանական համալիրում՝ մասնակից դառնալով Սուրբ Պատարագին:
Համերգների շարքը ամփոփվեց Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում, որտեղ երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգևոր համերգ: Փոքրիկների քաղցրաձայն կատարմամբ հնչած տերունական աղոթքով սկիզբը ազդարարվեց հոգևոր համերգի, ինչը մեծ գոհունակություն պարգևեց եկեղեցում համախմբված հավատավոր հանդիսատեսներին:
Համերգի ավարտին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության գիր շնորհեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին՝ դրանով իսկ իր օրհնությունն ու գնահատանքը բերելով երգչախմբի երկարամյա նվիրյալ և արդյունաշատ գործունեության, ինչպես նաև Արցախի ցավով և Արցախի հետ ապրելու համար: