Օկուպացված Արցախի բնակավայրերը

2023 թվականից հետո ստեղծված բարդ ու ցավալի իրադրության պայմաններում, երբ Արցախը ամբողջությամբ օկուպացված է, գրեթե անհնար է դառնում լիարժեք ու վստահելի տեղեկություններ ստանալ մեր Հայրենիքի ներկա վիճակի մասին։ Համացանցում հայտնվող տեղեկատվության գերակշիռ մասը վերաբերում է Ադրբեջանի կողմից պետականորեն ու նպատակային իրականացվող վանդալիզմին՝ Արցախի հայկական քրիստոնեահենք պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը: Ադրբեջանի կողմից դեռևս 1920-30-ական թվականներից որդեգրված և շարունակաբար տարվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն էլ հայոց պատմության խեղաթյուրման միջոցով նրա տարածքներին տեր դառնալու իր համար «պատմական հիմքեր» ստեղծելն է: Եվ այդ ամենը կատարվում է պատմական սկզբնաղբյուրների կեղծմամբ ու իրեն «հարմար» ձևաչափով «պատմություն ստեղծելով»: Նման գործողությունները լուրջ սպառնալիք են հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության պահպանման համար։

Նման պայմաններում անգնահատելի է պատմական սկզբնաղբյուրների վրա հիմնված պատմագիտական գրականության դերը, հատկապես այն աշխատությունները, որոնք փաստական և աղբյուրագիտական հիմքով անդրադառնում են Արցախին։ Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» գիրքը։ Պատմական սկզբնաղբյուրների և հրապարակի վրա առկա պատմագիտական գրականության հիման վրա կատարված այս արժեքավոր ուսումնասիրությունը միաժամանակ կարևոր ու հավաստի աղբյուր է հանդիսանում Արցախի Հանրապետության բնակավայրերի նոր ու նորագույն ժամանակների պատմության ուսումնասիրության տեսանկյունից:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքում ներկայացված տեղեկատվությունը Արցախի բնակավայրերի պատմության մասին հիմնված է Վահրամ Բալայանի այս արժեքավոր ու բովանդակալից աշխատության վրա։ Գիրքը ոչ միայն գիտական ու փաստական վերլուծություն է, այլև ազգային հիշողության կենսունակ հենարան։ Այն ամփոփում է Արցախի բնակավայրերի պատմական ընթացքը և միևնույն ժամանակ կոչ է ուղղում ապագա սերունդներին՝ հիշել, ուսումնասիրել և պահպանել մեր հայրենիքի արժեքները, հանուն որի հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքար է մղել։

«Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» գիրքը կարևոր վկայություն է, որը հավաստում է Արցախի՝ Մեծ Հայքի և առհասարակ հայկական մշակույթի անբաժանելի մաս լինելու իրողությունը։ Այն պարտավորեցնում է մեզ պահպանել մեր ազգային ինքնությունը, քանի որ պատմական հիշողության կորուստը հանգեցնում է ինքնության կորուստի։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE