Հարցազրույց «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանի հետ
«Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է ութ տարի առաջ, զբաղվում է միջազգային հարաբերությունների, ռուս-հայկական համագործակցության և հայկական սփյուռքի հարցերով։ Ինչպես ընդգծում է «Դիալոգ»-ի նախագահ Յուրի Նավոյանը. «Մենք միշտ փորձում ենք ցանկացած մշակութային միջոցառման և ռուս-հայկական հարաբերությունների մեջ արցախյան շեշտադրում ունենալ»։
«Դիալոգ»-ը ոչ այքան թրենդային կազմակերպություն է: Այն զբաղվում է մշակույթի և կրթության ոլորտներով։ Կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Արցախին և արցախցիներին։ Համագործակցում է Եկեղեցու հետ։ Եվ ամենակարևորը՝ բոլոր ծրագրերը դնում է մասնագիտական հենքի վրա։ Արդյունքում աշխատանքի արդյունավետությունը չափազանց բարձր է։
Այսօր «ԴԻԱԼՈԳ»-ի ուշադրության կենտրոնում է Վ. Փափազյանի անվան Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնը․ նպատակ է դրվել Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ վերականգնել գրեթե հարյուրամյա ավանդույթներ ունեցող մշակութային այս օջախը։
— Պարոն Նավոյան, Ձեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը զարմացնում են ոչ միայն իրենց քանակով և հետաքրքրությունների բազմակողմանիությամբ, այլև՝ որակով։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։
— Մեզ համար յուրաքանչյուր ծրագիր պարզապես դրվագային կամ միօրյա միջոցառում չէ։ Մենք երբեք «ինչ-որ բան անելու» փնտրտուք չունենք․ մեր ծրագրերը շարունակական, տևական գործընթացներ են։ Արցախյան համատեքստում էլ, մարդիկ և մոտեցումները փոխվել են, սակայն մենք միշտ ձգտել ենք վեր կանգնել պահական կոնյուկտուրայից։ «Դիալոգ»-ի բոլոր նախագծերը իրականացվում են մեկ միասնական գաղափարախոսության և նույն հարթակի շրջանակում։
Օրինակ՝ մեր լայնածավալ «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը ներառում է բազմաթիվ ուղղություններ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունների 30-ամյակի առիթով մենք երկլեզու երեքհատորանոց ժողովածու հրատարակեցինք, որն ընդգրկում է երկու երկրների միջև ստորագրված բոլոր պայմանագրերը․ աննախադեպ քայլ։ Մյուս կողմից, գործում է «ԴԻԱԼՈԳ» մատենաշար, որի շրջանակում արդեն պատրաստվում է տպագրվել 11-րդ գիրքը։ Այդ շարքում արդեն լույս են տեսել արցախցի գրողների ստեղծագործություններ, Վիկտոր Կոնոպլևի հոդվածների ժողովածուն Հայաստանի և Արցախի մասին, Նիկիտա Շանգինի ուսումնասիրությունը՝ նվիրված Արցախի պատմա-ճարտարապետական ժառանգությանը, Ալեքսանդր Կռիլովի քաղաքական հետազոտությունը Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ։ Ինչպես տեսնում եք, այս մատենաշարը ներառում է և՛ գեղարվեստական, և՛ գիտական ու ակադեմիական աշխատություններ՝ Հայաստանի և Արցախի վերաբերյալ։
Միաժամանակ, ՛՛Արնո Բաբաջանյան՛՛ հիմնադրամի հետ համատեղ մենք նախաձեռնել ենք մեծ երգահանի ամբողջական ժողովածուի հրատարակությունը։ Լույս կտեսնի շուրջ 30 հատոր՝ երեք բաժնով՝ դաշնամուրային, վոկալ և նվագախմբային գործեր։ Առանձնահատուկ արժեք ունի այն, որ հրատարակվելու են նաև մինչ այժմ չհրատարակված ստեղծագործություններ, այդ թվում՝ սիմֆոնիկ։ Օրինակ՝ «Աստղային բալլադը», որը գրվել է հատուկ Սանկտ Պետերբուրգի բալետային խմբերից մեկի համար։ Բեմադրությունը չի կայացել, և զարմանալի է, որ այդ գործը երբևէ չի հրատարակվել ու չի ներկայացվել։
Անցած տարվա հունվարից մենք հովանավորում ենք «Գրական Հայաստան» հանդեսը․ այս մեծ ու փառավոր պատմություն ունեցող ամսագրին ֆինանսական խնդիրներ էին սպառնում, սակայն մեր աջակցությամբ արդեն լույս է տեսնում վեցերորդ համարը։
— Ձեր գրքերում և ալբոմներում հաճախ հանդիպում է «Արցախի թեմի հետ համատեղ» մակագրությունը։ Նման համագործակցությունը սկզբունքային նշանակություն ունի՞։
— Իմ համոզմամբ, ամենից լեգիտիմ և ժամանակի ընթացքում անընդմեջ գործող կառույցը, որը կարող է զբաղվել արցախցիների խնդիրներով՝ եկեղեցին է՝ Արցախի թեմը։ Այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի հրաժարվել դրանից։ Անցած տարվա հուլիսից մենք աջակցեցինք թեմի կենտրոնական գրասենյակի ձևավորմանը։ Թեմը զբաղվում է և՛ արցախցիների սոցիալական ու մշակութային հարցերով, և՛ ամենակարևորը՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության, և դրա ներկայացմամբ ու պաշտպանությամբ միջազգային հարթակներում։ Այդ իսկ պատճառով մենք թեմի հետ միասին հիմնել ենք ևս մեկ մատենաշար, որի երկրորդ հատորը՝ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը, շուտով լույս կտեսնի։
Իսկ ընդհանրապես, թեմի հետ համատեղ աշխատանքը ամենօրյա, բայց ոչ միշտ տեսանելի գործունեություն է․ սա ահռելի «թղթային» աշխատանք է՝ փաստաթղթեր, տեղեկանքներ միջազգային հարթակներում հիմնավոր ներկայացնելու համար։ Միևնույն ժամանակ՝ մեծ աշխատանք արցախցիների հետ Հայաստանի բոլոր մարզերում․ շատերին անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, վերականգնողական բուժօգնության, հատկապես հաշմանդամ երեխաներին։ Թեմի ներկայացուցիչներն ամեն ինչով զբաղվում են։ Այստեղ հարկ է առանձնահատուկ նշել Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի դերը՝ խորամուխ մտքերի և մեծ գործերի մարդ։ Մենք օգնում ենք, որքանով կարող ենք։
— Դուք ձգտում եք ներկայացնել Հայաստանի և Արցախի մշակույթը առավել քան հիմնավոր կերպով։ Արդի ժամանակներում, երբ գերակշռում է սերը նկարների և անտարբերությունը տեքստերի ու մտքերի նկատմամբ, արդյո՞ք դա արդյունավետ է։
— Մենք միշտ ձգտել ենք աշխատել մասնագիտական, անգամ՝ ակադեմիական միջավայրի հետ։ Ինքս այդ միջավայրից դուրս եկած մարդ լինելով՝ միշտ համոզված եմ եղել, որ հասարակական-քաղաքական կյանքը չպետք է կտրվի դրանից։ Մեր բոլոր ծրագրերը դրվում են մասնագիտական հիմքերի վրա։ Կարծում եմ՝ հասարակական կազմակերպությունները գործին պետք է մոտենան ոչ պակաս, իսկ գուցե նույնիսկ ավելի մեծ պատասխանատվությամբ, քան ակադեմիական, դիվանագիտական կամ պետական կառույցները։ Հակառակ դեպքում շատ դեպքերում հասարակական նախաձեռնությունները պարզապես ձախողվում են։ Մեր համագործակցությունները կառուցվում են հենց այս սկզբունքի վրա։ Դրա հիման վրա մենք պարբերաբար համագործակցում ենք «Monument Watch»-ի հետ, որը գործում է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի հիման վրա և որի ղեկավարը իմ ընկերն է՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Նրանք զբաղվում են պատմա-ճարտարապետական ժառանգության հետազոտությամբ և դրա ներկայացմամբ։ Մասնագետներն եկել են այն եզրակացության, որ Արցախի պետականության շրջանի ամենախոշոր գիտական ձեռքբերումն եղել են Տիգրանակերտի պեղումները, որոնց արդյունքները մինչ այժմ չեն հրապարակվել։ Այժմ մենք պատրաստում ենք տպագրության մի ծավալուն հատոր՝ շատ լուրջ ուսումնասիրություն, որի վրա աշխատել է 21 հեղինակ։ Մենք առաջարկել ենք աշխատանքը թարգմանել ռուսերեն և հրապարակել Մոսկվայում՝ «Դիալոգ» մատենաշարի շրջանակում։ Ուրախալի է նաև այն, որ սա խթան դարձավ գրքի հայերեն տարբերակի հրատարակության համար, որը բառացիորեն օրեր անց լույս կտեսնի։
Մեր դրամաշնորհի շրջանակում գիտնականների մի ամբողջ խումբ ավելի քան տաս ամիս աշխատել է և պատրաստել գիտական ուսումնասիրություն՝ նվիրված Աղվանից կաթողիկոսության նստավայրերին։ Այն կհրապարակվի և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Սա շատ կարևոր է, քանի որ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը ստիպված է ընդունել, որ Դադիվանքն ու Գանձասարը և տաճարային ճարտարապետության մյուս գլուխգործոցները քրիստոնեական են, բայց պնդում է, թե դրանք հայկական չեն, այլ՝ աղվանական։ Դրան պետք է տրվի գիտական հիմնավորված պատասխան։
— Մայիսին հնարավորություն եղավ ներկա գտնվելու «Արցախ» ջազ համերգին, որը ծնվել է «Դիալոգ»-ի շնորհիվ և հասցրել է մասնակցել հեղինակավոր փառատոների։ Ջազը, սակայն, բոլորովին այլ ժանր է։ Ինչո՞ւ այդպիսի հետաքրքրությունների համադրություն։
— Մենք մշտապես կապված ենք եղել Արցախի, նրա կրթական և մշակութային կառույցների հետ, և մեզ համար սկզբունքային էր չդադարեցնել այդ աշխատանքը անգամ ներկայիս պայմաններում։ Այսօր գուցե նույնիսկ ավելի կարևոր է շարունակել այս գործը պատշաճ մակարդակով։ Մենք նպատակ դրեցինք նպաստել, որ Արցախի արվեստի հաստատությունները վերաձևավորվեն, վերածնվեն և շարունակեն իրենց գործունեությունը։ Ես վստահ եմ, որ կոլեկտիվ հիշողությունը պահպանելու լավագույն միջոցը մշակույթն է, ինչպես նաև գիտական ու արվեստի ինստիտուտների աշխատանքը։ Ստեղծագործությամբ շարունակ զբաղվելը ոչ միայն կոլեկտիվ հիշողության պահպանում է, այլև ավանդույթների՝ թատերական, երաժշտական, գեղարվեստական ժառանգության պահպանություն։
— Դուք նշեցիք «թատերական»։ Նույնիսկ նպաստեցիք Ստեփանակերտի Ռուսական թատրոնի ստեղծմանը…
— Մենք իսկապես աջակցեցինք այդ թատրոնի ստեղծմանը, որը գործեց ավելի քան մեկ տարի, իսկ էթնիկ զտումների ողբերգությունից հետո մեզ համար պատվի խնդիր էր անել ամեն ինչ, որպեսզի թատրոնի կյանքը շարունակվեր։ Գրեթե մեկուկես տարի մենք ֆինանսավորեցինք դրա գործունեությունը, մինչև համոզվեցինք, որ ղեկավարությունը կարող է ինքնուրույն շարունակել աշխատանքը։ Թեև այսօր էլ աջակցում ենք նրանց, բայց արդեն առանձին ծրագրերի շրջանակում։ Օրինակ՝ վերջերս հովանավորեցինք թատրոնի մասնակցությունը Մուրմանսկում կայացած «Արկտիկական բեմ» փառատոնին։
— Դա, իհարկե, հրաշալի է, սակայն առաջանում է լիովին արդարացված հարց․ իսկ ի՞նչ կլինի Վ. Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի հետ, որն ունի գրեթե հարյուրամյա պատմություն։
— Այս հարցը բազմիցս հնչել է թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ մասնավոր զրույցներում։ Ինձ նույնպես հետաքրքրում էր այն, առավել ևս, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատմություն ունեցող, այլև փառավոր պատմություն ունեցող թատրոնի մասին։ Թեև, անկեղծ ասած, ես պատասխանը գիտեի, և այն գուցե համեստ չհնչի․ Ռուսական թատրոնը գործում էր, որովհետև նրան աջակցում էր «ԴԻԱԼՈԳ»-ը, և հավանաբար մեր աջակցությամբ կվերածնվեր նաև Փափազյանի թատրոնը։ Եվ ես սկսեցի փնտրել Փափազյան թատրոնին մոտենալու ուղիներ։
Մայիսին մենք հանդիպեցինք Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ։ Միությունն արդեն ձեռնարկել էր բազմաթիվ քայլեր՝ խումբը պահպանելու համար, և նույնիսկ հրատարակել էր Ստեփանակերտի թատրոնին նվիրված ալբոմ-գիրք։ Ես համոզվեցի, որ մենք համախոհներ ենք։ Քանի որ վստահ եմ, որ որակի և երկարաժամկետ արդյունքի համար ամեն ինչ պետք է արվի մասնագիտական հիմքի վրա, համոզվեցի, որ թատրոնի վերածննդի գործում Միությունը պետք է դառնա հիմնական հարթակը։ Հաջորդ հանդիպմանը մեզ միացավ նաև Ռուզան Խաչատրյանը՝ Ստեփանակերտի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար։ Սա արդեն շատ կոնկրետ խոսակցություն էր․ ինչ և որքան ժամանակ է պետք լիարժեք ներկայացում բեմադրելու համար և ինչ ներկայացում պետք է լինի այն։ Ռուզանն առաջարկեց ներկայացում արցախյան բարբառով՝ պրոֆեսոր Մանասյանի ստեղծագործությամբ։ Սա կարևոր էր ներքին վստահության համար։ Մենք համաձայնեցինք։
Օգոստոսի սկզբից խումբը սկսեց փորձերը։ Մի քանի օր առաջ մենք պաշտոնականացրինք այս աշխատանքը՝ ստորագրելով հուշագիր Թատերական գործիչների միության և «ԴԻԱԼՈԳ»-ի միջև, որոնք ստանձնեցին Փափազյանի անվան թատրոնի վերականգնման պատասխանատվությունը։ Այնուհետև Հակոբ Ղազանչյանը արեց հրաշալի առաջարկ, որն անմիջապես ընդունվեց․ Գալյա Նովենցի անվան արվեստի դպրոցում բացել հատուկ դասընթաց արցախցի երիտասարդների համար։ Հակոբ Ղազանչյանը անձամբ կղեկավարի այդ դպրոցը։ Այսպիսով, կարելի է ասել, որ արդեն կայացել է ընտրություն 15 արցախցի երիտասարդների համար, և հանձնաժողովը շուտով կհրապարակի արդյունքները։ Նրանք կսովորեն վարպետ Հակոբ Ղազանչյանի դասընթացում՝ Ռուզան Խաչատրյանի մասնակցությամբ։ Հետևաբար երկրորդ հուշագիրը մենք ստորագրեցինք Նովենցի անվան արվեստի դպրոցի հետ։ Սա շատ կարևոր է․ երիտասարդները կմիանան Երևանի թատերական կյանքին և կստանան կրթություն բարձրակարգ մասնագետների ձեռքից։ Մյուս կողմից, Ստեփանակերտի թատերախումբը անձնակազմի հետ կապված խնդիրներ չի ունենա։
Վերածնված Ստեփանակերտի թատրոնը՝ իր 93-ամյա պատմությամբ, կրկին կսկսի գործել, կվերականգնվի և կպահպանի իր ավանդույթները, որոնց սկիզբը դրվել էր դեռևս 19-րդ դարում։ Չի կարելի մոռանալ, թե ինչպիսի կենտրոն էր Շուշին հայկական մշակույթի համար։ Եվ չի կարելի մոռանալ, որ հենց Շուշիում է ծնվել Մուրացանը, և նրա հանրահայտ «Ռուզան»-ը դեռևս նրա կենդանության օրոք բեմադրվել է թե՛ Շուշիի, թե՛ Թիֆլիսի թատրոններում։ Ահա թե ինչու ամենայն հավանականությամբ հենց այդ ստեղծագործությունը կդառնա վերածնվող Ստեփանակերտի թատրոնի երկրորդ բեմադրությունը։